Ոստիկանությունը հրապարակել է ընտրությունների նախնական ցուցակները

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախնական ցուցակները, այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից:

Ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2017 թ. մարտի 23-ը դրանք վերացնելու համար քաղաքացիները կարող են դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:

«Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչև 2017 թ. մարտի 25-ը, բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

Տեղեկացվում է նաև, որ ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2017 թվականի փետրվարի 21-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել