ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն այլընտրանք չունի. Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս ձևաչափն այլընտրանք չունի․ այսօր Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մամուլի ասուլիսին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե մենք իսկապես հանձնառու ենք համընդունելի լուծում գտնելու վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություններին, ապա, իմ խորին համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայիս ձևաչափն այլընտրանք չունի»,- ասել է Լավրովը։

Սերգեյ Լավրովն ավելի վաղ ընդունել էր Էդվարդ Նալբանդյանի՝ Երևան այցելելու հրավերը։

«Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ինձ հրավիրեց Երևան,- ասել է Լավրովը լրագրողներին Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվհարաբերությունների հաստատմանը նվիրված ցուցահանդեսի բացմանը։ – Ես ընդունեցի հրավերը»։

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Մոսկվայում է։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի նախապատրաստությունը։

Մեկնաբանել