Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախի հանրաքվեն դիտարկած եվրախորհրդարանականների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն դիտարկելու համար:

Եվրապատգամավորների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Լեռնային Ղարաբաղ պարբերական «ապօրինի այցելությունների» համար:

Ադրբեջանի դատարանը, ըստ APA գործակալության, պատգամավորներին կալանավորելու որոշում է ընդունել, նրանք հետախուզվում են Ինտերպոլով։

Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը տեղի ունեցածը որակել է «կոպիտ խտրականություն»։

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ «Ազատության» հետ զրույցում Բաքվի այդ քայլը «զավեշտ» է համարել։

Եվրապախորհրդարանականներն Արցախում անցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ իրենց համատեղ հայտարարությունում դրական էին գնահատել այն՝ նշելով, որ Արցախի ժողովուրդը «չպետք է անտեսված մնա միջազգային հանրության կողմից»։ Հայտարարության հեղինակները նշել են, որ Արցախը գտնվում է «ագրեսիվ հարևանի կողմից ռազմական հարձակման մշտական սպառնալիքի ներքո»։

Մեկնաբանել