Վիգեն Սարգսյանը բացատրել է զինվորի բաժնեցանկից ծխախոտը հանելու որոշումը

«Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից, ինչպես նաև ՀՀ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից ելնելով՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներներում:

Փոփոխությունների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը:

Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև վերջին տարիներին ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումներով, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրով: Անդրադառնալով հարցի վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է.

«Խոսքը վերաբերում է տվյալ դեպքում պայմանագրային զինծառայողներին, քանի որ ժամկետային զինծառայողների ծխախոտի խնդիրը փոխհատուցվել է գումարով դեռ տարիներ առաջ, և նրանք ծխախոտ չեն ստացել: Պայմանագրային զինծառայողներին հաշվարկվել է օրական մեկ տուփ ծխախոտ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում, որը, մեր գնահատմամբ, չի տեղավորվել և´ ընդհանուր քաղաքականության, և´ տրամաբանության մեջ: Մենք առաջարկեցինք, որ այդ նույն գումարը, որը ծախսվել է այդ ծխախոտը ձեռք բերելու համար, ավելացնել դրանց կողմից ստացվող հավելավճարի մեջ, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք, ովքեր ծխում են, կարողանան ընտրել իրենց նախընտրած ծխախոտը կամ այդ գումարն օգտագործել իրենց հայեցողությամբ որևէ այլ նպատակով»,- կառավարության այսօրվա նիստում ասել է նա:

Մեկնաբանել