Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը մարտահրավեր է նետում Եվրոպային

Ադրբեջանի գործողությունները մարտահրավեր են Եվրոպայի և եվրոպական արժեքների դեմ, քանի որ կոչված են սահմանափակելու ոչ միայն այցերը դեպի Արցախ, այլև Արցախի վերաբերյալ տեղեկատվության ազատությունը. ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախում սահմանադրական բարեփումների հանրաքվեին մասնակցած միջազգային դիտորդների նկատմամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել։

Ադրբեջանի այս գործողությունները Մելիքյանը մարդու իրավունքներին հակասող և ոչ իրավական է համարում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է Լապշինի «գիծը»՝ համոզվելով, որ Լապշինի արտահանձնումն իր ծրագրածի պես չի ազդել միջազգային հանրության վրա։

«Հանրաքվեին միջազգային դիտորդների քանակը ավելին էր, քան երբևէ, և մենք շնորհակալ ենք Եվրոխորհրդարանի երեք պատգամավորներին, որ Արցախի համար ոչ ամենահեշտ ժամանակներում մեր կողքին էին», – նշեց Մելիքյանը՝ վկայակոչելով Եվրոխորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս), Յարոմիր Շտատինայի (Չեխիա) մասնակցությունը հանրաքվեին։

Լուսանկարը՝ Յարոմիր Շտետինայի Թվիթերից։

Ժաննա Պողոսյան

Մեկնաբանել