Տնտեսական համագործակցության ոլորտում լիովին չի օգտագործվում առկա ողջ ներուժը, փաստել են Վրաստանի և Հայաստանի վարչապետերը

Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առևտրաշրջանառությունն ու օգտագործել առկա ողջ ներուժը․ Թբիլիսիում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ առանձնազրույցին հաջորդած ընդլայնված կազմով հանդիպումը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։

Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը և Վրաստանը պատմական խորը արմատներ ունեն: «Այսօր երկկողմ հարաբերություններում մենք թևակոխել ենք համագործակցության նոր փուլ: Հայ-վրացական համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչը մեր հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գրավականն է: Մեր պատվիրակությունը պատրաստակամ է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացման տեսանկյունից և կփորձենք գտնել համագործակցությունն առավել ակտիվացնելու նոր ուղիներ»,- նշել է ՀՀ վարչապետը:

Կարևորելով մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ տնտեսական համագործակցության ոլորտում լիովին չի օգտագործվում առկա ողջ ներուժը՝ չնայած երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշների աճին:

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակից և կարևորել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Այդ համատեքստում կողմերը կարևորել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը: Ծրագրերի և առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին և այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը:

Մեկնաբանել