Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բժշկական համալսարանում խոսել է հերոսությունից: «Ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ առօրյա կյանքում հերոսությունը պետք է իր տեղն ունենա»,- ասել է նա: Վատ է ասված:
Նախ, որովհետև դա ասված է արցախյան պատերազմից հետո, երկրորդ, նախարարն ակնարկում է, որ հերոս լինելու «մղումը» հայ ժողովրդի մեջ ավելի ինտենսիվ է լինելու հատկապես իր հայտարարությունից հետո: Այսինքն, առիթը չեն կորցնելու լինել հերոս: Եվ երրորդ՝ դա ասվում է մի երկրում, որտեղ կան հերոսներ, իսկ կյանքի որակը չի փոխվում: Ուրեմն ինչու՞ եք հիշում հերոսությունը, եթե ապրիլյան պատերազմից առաջ ծանր վիճակում գտնվող այս երկրում «հերոսական» հատու և անայլընտրանք բառով կնքված պատերազմից հետո էլ կյանքի որակը Հայաստանում չի փոխվել: 100 զոհ արժեցավ քառօրյա պատերազմը, ու՞ր է կյանքի այն որակը, որի համար ոմանք կյանքով են վճարում: Թե՞ նրանք չեն հասկանում ինչ են անում: Թե՞ գլխավոր խնդիրը թշնամուն կանգնեցնելն է հայրենի հող արշավելու ճամփին: Այլ հերոսություն չկա, եթե այն նախ այլ բովանդակություն չէ: Եթե դա միակ բովանդակությունը չէ:
Հերոսների պակաս ոչ ոք չունի նույնիսկ այն ժամանակ, երբ հերոս լինելու առիթ չկա: Պայմանով, որ յուրաքանչյուրն իր տեղում է, և հերոսանալու առիթը օբյեկտիվ է: Եթե բնակելի շենքում հրդեհ եղավ, բոլորը վազելու են կյանքեր փրկելու: Մինչև ԱԻՆ-ը տեղ կհասնի: Բայց այս հայտարարությամբ Վիգեն Սարգսյանը հերոսին նրա երեսով է տալիս, որը հրդեհի ժամանակ դիտորդ է, այսինքն, բանկից վարկ է վերցրել խոշոր տոկոսներով և մեկը դրա տակից պետք է դուրս գա: Մեզ մոտ հրդեհի պահին հերոսանալը ոչինչ չի նշանակում օբյեկտիվորեն: Որովհետև, եթե Աստծո հաջողությամբ հերոսը լավ պրծավ հրդեհից, միևնույն է, ուրիշ իրականությունում չի արթնանալու: Աչքերը բացելու է, լսելու է մեծարանքի խոսքեր, ստանալու է Արիության մեդալ և վերադառնալու է իրականություն: Ամբողջ Հայաստանն է հիմա սպասում ընտրակաշառքների: Հլը փորձեք հասկանալ՝ ապրիլյան պատերազմից առաջ ընտրակաշառքին զուգահեռ Հանրապետականը բռնության և սպառնալիքի բազում մեթոդներ էր կիրառում քվե ստանալուց համար: Հիմա, երբ այդ պատերազմն արդեն կնքվել է «հերոսական» հատու և անայլընտրանք բառով, նույն վիճակն է, բայց ընտրակաշառքին սպասում են նաև նրանք, որոնց հետ բավարար էր խոսել սպառնալիքներով: Այսինքն, մարդն այլևս սպառնալիքին տեղի չի տալիս, ինքը քաջ է, ինքը նաև ընտրակաշառք է պահանջում, «մեկ ա՝ ոչինչ չի փոխվելու»: Ո՞վ պետք է փոխի, եթե այսպես ասողի որդին արդեն զոհվել է արցախյան քառօրյայում:
«Հերոսները մեր մեջ են, բայց նրանց փնտրում ենք այլուր»,- ասել է նա: Մեռնել չպատրաստվող մարդու խոսքեր են, որը գիտի նրանց տեղը, որոնց կարելի է զոհաբերել: Որովհետև հերոս ասելով՝ այս մարդիկ հասկանում են անձնազոհներին:
Դուք խոսում եք «պարտքից հեռու» հերոսությունից, որը ձեզ վրա պաշտոն ու փող չի նստելու: 1000 դրամների ակցիան ահա այս հերոսականության պատասխանն է, որի համար վճարում է հրդեհի մեջ նետվողը, որը Ղարաբաղում չի կռվել, չի հաշմվել և չի զոհվել:
Բայց դուք ինչու՞ եք խոսում հերոսությունից, եթե դա ներքին մղում է: Դուք պարզապես հերոսականության հող չունեք Հայաստանում, և վայ Ղարաբաղին, եթե նա է մեր հերոս լինելու հողը: Որովհետև եթե հանկարծ հերոսը կենդանի մնաց, վերադառնալու է, չէ՞: Ու՞ր է վերադառնալու, այնտեղ, որի բոլոր ընտրությունների հաստատուն բովանդակությունը «ընտրակաշա՞ռքն» է: Հերոսն արտահայտվում է, երբ իր ներքին մղումն ուղիղ համեմատական է քո՝ Վիգեն Սարգսյանիդ, բարոյականության հետ: Եթե դուք միմյանց հետ չեք հարաբերվում մտքի և էության նվաճումներով, ուրեմն ապրիլյան քառօրյայի 100 տղաները պարզ զոհեր են, զոհաբերվածներ: Ինչպես ասենք, Նորդ Օսթի 130 զոհերին զոհաբերեցին մյուսներին փրկելու պատրվակով: Ի՞նչ կարիք կա խոսել հերոսությունից, ես չեմ հասկանում: Ամենաիսկական հերոսությունը ձեր լռությունն է, եթե ոչ հրաժարականը, քանի դեռ Ղարաբաղում զինվորը զոհվում է սեփական զենքից: Գուցե դա՞ փոխի մեր կյանքի որակը: