Հայաստանն ու Եվրոպական Միությունը ավարտել են բանակցությունները, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն աշխատանքային այցով Բրյուսելում է։ Այսօր նա հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո երկու պաշտոնյաները լրագրողների առջև հանդես են եկել հայտարարություններով։
«Այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերը ավարտել են բանակցությունները։ Նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:
Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել ոլորտային համագործակցության առումով՝ ստորագրելով Փոքր և միջին ձեռնարկությունների և նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը: Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաև Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին և «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները: Ընդհանուր առմամբ նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ՝ զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ առաջիկայում կմեկնարկի Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչն ամրագրված է Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին․
«Պետական կառավարման համակարգի փոփոխության մեր տեսլականը մեկն է՝ վստահորեն առաջընթաց քայլ կատարել ժողովրդավարության հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ: Այս ընտրությունները նախապատրաստելու համար լրջագույն փոփոխությունների է ենթարկվել նաև ընտրական համակարգը․ բոլոր քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրք, որն ամրապնդել է բաց, թափանցիկ, ավելի արդար ընտրությունների անցկացման հիմքը: Մեր նպատակն է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք էականորեն կբարձրացնեն մեր հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Այդ նպատակով մենք հրավիրել և ողջունել ենք այս ընտրություններին հնարավորինս մեծաթիվ ու ներկայացուցչական միջազգային դիտորդական առաքելության մասնակցությունը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանից: Միաժամանակ խրախուսում ենք տեղական դիտորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լինել ակտիվ»:
Սերժ Սարգսյանը Դոնալդ Տուսկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ընտրական բարեփոխումների գործում աջակցության համար։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուկսն իր հայտարարությունում նշել է, որ նոր համաձայնագիրը կընդլայնի ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակը․ «Մենք ակնկալում ենք ավելի սերտ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, առևտրի և ներդրումային նոր հնարավորությունների և ավելի ընդլայնված շարժունակության համար՝ ի շահ մեր քաղաքացիների»:
«Այսօր մենք քննարկել ենք մեր համընդհանուր արժեքները, այդ թվում՝ մեր հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը, որոնք ընկած են նոր համաձայնագրի և մեր ապագա համագործակցության հիմքում: ԵՄ-ն արդեն իսկ Հայաստանի արտաքին առևտրային առաջին գործընկերն է, առաջին միջազգային դոնորն է և բարեփոխումների ամենամեծ աջակիցը: Մենք մտադիր ենք այս հարաբերությունները էլ ավելի ընդլայնել առաջիկա տարիների ընթացքում: Խրախուսում ենք Հայաստանին շարունակել բարեփոխումները մի շարք ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական զարգացման, գործարար միջավայրի, դատական համակարգի բարելավման, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և ազատ ու արդար ընտրություններ ապահովելու ուղղությամբ: Մենք նաև քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը. ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը պետք է վաղաժամ քաղաքական լուծում ստանա՝ միջազգային իրավունքին համահունչ: Այն ռազմական լուծում չունի: ԵՄ-ն շարունակում է ամբողջությամբ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին»,- ասել է Դոնալդ Տուսկը: