Հաստատման փուլում է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թթ․ ծրագիրը

Հաստատման փուլում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության 2017-2019 թթ․ հինգերորդ ծրագիրը, Բրյուսելում հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Փետրվարի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանը հիշեցրել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության 25-ամյակի մասին և նշել, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկն է:

«Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, որոնք հիմնված են հստակ գիտակցված ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա, ունեն բավական հարուստ օրակարգ: Այն ներառում է թե՛ ամենաբարձր մակարդակներում քաղաքական երկխոսություն և թե՛ գործնական համագործակցության բազմաթիվ օրինակներ։

Գլխավոր քարտուղարի հետ մենք երկուստեք կարևորեցինք քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակի պահպանումն ու պարբերական շփումների շարունակականությունը, ինչպես նաև քննարկեցինք ՆԱՏՕ-ի հետ մեր գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Արձանագրեցինք, որ հաջողությամբ իրականացվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 4 ծրագրեր, և ներկայումս հաստատման փուլում է գտնվում 2017-2019 թվականների համար արդեն հինգերորդ ծրագիրը: Հատուկ ընդգծեցինք Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության մոտալուտ մեկնարկի կարևորությունը: Եվ ես պարոն Գլխավոր քարտուղարին հրավիրեցի գալ Հայաստան, որը շատ լավ առիթ կլինի ի մի բերելու այս 25 տարիների ընթացքում մեր կատարածը և նախանշելու ապագա մեր գործողությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի: Հայաստանն ինքը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության գործին, քաջ գիտակցելով, թե որքան է աշխարհն այսօր փոխկապակցված, և որ այլևս չկան առանձին պետությունների անվտանգային մարտահրավերներ: Դրանք պատկանում են առանձին երկրների և բոլորին:

Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում Հայաստանի խաղաղապահության կարողությունների զարգացմանը․ «Հայաստանը վերջին տարիներին ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը. Կոսովոյում և Աֆղանստանում ընդգրկվածությանը զուգահեռ այսօր մեր զինվորականները մասնակցում են նաև ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում և Մալիում իրականացվող առաքելություններին: Ուրախությամբ եմ նշում, որ Հայաստանը Դաշինքի և անդամ պետությունների կողմից գնահատվում է որպես ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին․

«Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն «ակտիվ» է, և այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Մենք փաստեցինք, որ համաձայն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթղթի՝ «Հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումը, ազատության և արդարության ապահովումը, և ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար»:

ՆԱՏՕ-ն լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր խոսքում ընդգծել է համագործակցության 25-ամյակի կարևորությունը և նշել, որ Հայաստանը երկիրը կարևոր ներդրում է ունեցել Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը:

«Դուք մասնակցեցիք Վարշավայի գագաթնաժողովին, որովհետև Ձեր երկիրը կարևոր ներդրում է ունեցել Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը: Շատ շնորհակալ եմ Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությանը Հայաստանի մասնակցության և այդ գործին իր ներդրման համար: Հայաստանը նաև աջակցում է Կոսովոյում մեր խաղաղապահ առաքելությանը, ինչը նպաստում է Արևմտյան Բալկաններում կայունություն ապահովելու: Հայկական զորքերը օգնում են կայունություն հաստատել այդ երկրներում»,- ասել է Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում շփման գծում շարունակական խախտումների կապակցությամբ։

«Շատ կարևոր է խուսափել լարվածության աճից, որովհետև այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դրա շարունակականությունը ետ է մղում ողջ տարածաշրջանի զարգացումը: Ուստի մենք խրախուսում ենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն լիովին սատարում է այդ ուղղությամբ Մինսկի խմբի ջանքերը»:

Մեկնաբանել