«Մեր պայքարի ճանապարհին պետք է առողջ լինենք». Միայնակ գայլը դադարեցրել է հացադուլը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, այսօրվանից դադարեցրել է հացադուլը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Խանդոյանի ապշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ Արայիկ Խանդոյանը 11 օր հացադուլի մեջ էր՝ ի պաշտպանություն Հաց բերող Արթուր Սարգսյանի, որը փետրվարի 9-ից գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ)։

Պապիկյանի փոխանցմամբ՝ Արայիկ Խանդոյանի հացադուլի նպատակը Հաց բերողի ձերբակալությունը հանրության ուշադրության կենտրոնում պահելն էր, այսօր, սակայն, նա որոշում է կայացրել դադարեցնել հացադուլը՝ կոչ անելով նույնն անել նաև Արթուր Սարգսյանին։

«Մեր պայքարի ճանապարհին մենք պետք է առողջ լինենք», – Խանդոյանի խոսքերը մեջբերեց նրա պաշտպանը։

Արայիկ Խանդոյանը նաև ասել է, որ օրենքով չարգելված այլ միջոցներով շարունակելու է աջակցել Արթուր Սարգսյանին։ Խանդոյանի առողջական վիճակը նորմալ է, գանգատներ չի ունեցել։

Անցյալ շաբաթ դատարանը չբավարարեց շուրջ յոթ ամիս կալանքի մեջ գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպանների՝ տեսակցությունների արգելանքը վերացնելու միջնորդությունը։ 

***

Փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, տեղափոխվել էր Հատուկ քննչական ծառայություն, որից հետո դատարան։ Դատարանը որոշել էր կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը և երկու ամսով կալանավորել նրան: Ներկայում Արթուր Սարգսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ Նա հացադուլ է հայտարարել։

Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորության տակ ստորագրել է 26 պատգամավոր (Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Լյուդմիլա Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Նաիրա Զոհրաբյան, Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Միքայել Մանուկյան, Միքայել Մելքումյան, Տիգրան Ներսիսյան, Լևոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լյովա Խաչատրյան, Վահան Կարապետյան, Հրանտ Դավթյան, Մերուժան Սիմոնյան, Արմեն Ավետիսյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Արայիկ Աղաբաբյան): Փաստաթուղթը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազին: