Վերակառուցված Վանաձոր-Ալավերդի ճանապարհին արագությունը կաճի 2,5 անգամ

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին կվերանորոգվի երեք թունել և տասներկու կամուրջ, ինչի արդյունքում անվտանգ արագությունը կաճի երկուսուկես անգամ, հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալը։

Հայաստանը 44 միլիոն եվրոյի հավելյալ վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից, որով կվերանորոգվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստան մայրուղու Մ6 հատվածը։ Այսօր այս մասին խորհրդարանում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը։

Նա ներկայացնում էր Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2016թ․ ստորագրված Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանի՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի բարելավման ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը։

Առաքելյանն ասաց, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման ճանապարհահատվածի բարեկարգման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ամբողջությամբ վերակառուցել երեք թունել և տասներկու կամուրջ, ինչի արդյունքում անվտանգ արագությունը կաճի երկուսուկես անգամ։

Ճանապարհի կառուցման մրցույթը հայտարարվել է փետրվարի 27-ին։ Փոխնախարարը նշեց, որ դրանց մասնակության հայտ է ներկայացրել 15 կազմակերպություն։ «Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2018-19 թթ․, եթե այլ վեճեր և ընթացակարգեր չծագեն»,- ասաց նախարարի տեղակալն ու հավելեց, որ ծրագրի շրջանակներում կբացվի 500 աշխատատեղ։

Խորհրդարանի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախարարի տեղակալից հետաքրքրվեց, թե արդյոք 44 միլիոն եվրոն ավելանում է Հայաստանի 5,9 մլրդ դոլար պարտքին, թե ոչ․ «Այսինքն, այն մեր վարկային պարտավորությունների մե՞ջ է, թե՞ ավելանում է 44 միլիոնով»։

Նախարարի տեղակալն ասաց, որ ինքը պատրաստ չէ այդ հարցին պատասխանել և որ կտեղեկացնի լրացուցիչ։ «Այսինքն՝ ծրագիր եք ներկայացնում ու չգիտե՞ք՝ այդ գումարը ավելանում է մեր վարկային պարտավորություններին, թե ոչ»։ Ի պատասխան Արթուր Առաքելյանը համաձայնեց՝ «իհարկե ավելանում է»։

Մեկնաբանել