Լևոն Յոլյանն այսօր խորհրդարանում փակ քվեարկությամբ ընտրվեց Վերհսկիչ պալատի նախագահ։ Քվեարկությանը մասնակցեց 101 պատգամավոր, որից 99-ը կողմ քվեարկեց Յոլյանի թեկնածությանը։
Վերահսկիչ պալատի նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ վստահության և իր թեկնածությունը առաջադրելու համար։
«Շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ կարևորություն ունի Վերահսկիչ պալատը։ Ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ եմ ընդունում իմ այսօրվա նշանակումը։ Հասկանում եմ, որ ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան Վերահսկիչ պալատը, որը պրակտիկ կառուցողական գործունեություն ծավալի, ինչ մեծ դեր կարող է խաղալ երկրի հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման ու ունեցվածքի տնօրինման գործում։ Վստահեցնում եմ՝ ամեն բան կանեմ՝ այդ նիշը ապահովելու համար»,- ասաց Լևոն Յոլյանը։
Փետրվարին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ-ին։ Նա առաջիկա ընտրություններում ղեկավարելու է «Ծառուկյան դաշինքի» գլխավոր շտաբը։
Լևոն Յոլյանի կենսագրությունը․
1979-1980 թթ. – աշխատել է Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորումում` որպես տնտեսագետ:
1980-1982 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում:
1986-1992 թթ. – Լուսավորության մինիստրության կոլեգիայի, Բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիայի անդամ:
1993-1998 թթ. – եղել է «LLG» ՓԲԸ նախագահ։
1998-2000 թթ. – ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ։
2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։
2007 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։
2007 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ վեց տարի ժամկետով։
2013 թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ վեց տարի ժամկետով։
2016 թ. փետրվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից՝ հրաժարական ներկայացնելու կապակցությամբ։
2016 թ. փետրվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար։
Լուսանկարը՝ Panorama.am-ից