Կապանում և Քաջարանում խուճապ չկա, շինություններն անվնաս են

«Երկու ցնցում ենք զգացել, երկրորդն ավելի ուժեղ էր։ Երկրաշարժի ժամանակ ես Լեռնաձոր գյուղի դպրոցում էի, երեխաներին դուրս ենք բերել բակ, բայց դպրոցի պատերը, պատուհաններն անվնաս են, խուճապ չի եղել և չկա», – այսօր Սյունիքում գրանցված երկրաշարժի մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրեց Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության ծրագրերի պետ Գարեգին Գաբրիելյանը։

Կապանում, որտեղ ըստ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության, երկրաշարժն ամենից ուժգնությամբ է զգացվել՝ 5 բալ, նույնպես շինությունները անվնաս են։ Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ բարձրահարկ շենքի բնակարաններն անգամ անվնաս են։ «Պայթյունի պես բան զգացինք, ինչին երկու ցնցում հաջորդեց։ Քաղաքն արդեն բնականոն հունի մեջ է», – ամփոփեց Ավագյանը։

Փետրվարի 28-ին՝ ժամը 10:17-ին, Կապան քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում: Վերջին անգամ Սյունիքում երկրաշարժ էր գրանցվել նախորդ հոկտեմբերին. Մեղրիում 3-4, Կապանում 3 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանել