Գիշերը իրադրությունը շփման գծում շարունակել է մնալ լարված․ Արցախի ՊՆ

Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված, հաղորդում է Արցախի Հանրապետության ՊՆ-ն։

Հատկապես հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերվա ընթացքում: Հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և ‹‹Դ-44›› տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ):

Նույն ուղղությամբ երեկ կիրառվել է ‹‹SPIKE››  տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ: Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի կրել:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հանգիստ է:

Երեկ Արցախի ՊՆ-ն հաղորդել էր, որ ժամը 15:40-ին շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը, ՊՆ-ի մեկնաբանությամբ, վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Հակառակորդի կողմից հակատանկային կառավարվող հրթիռի կիրառման արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի կրել:

Երեկվա ընթացքում, բացի ԱԹՍ կիրառելուց, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (ՀԱՆ-17 – 10 արկ) և 60 միլիմետրանոց ականանետից (2 արկ) շարունակել է խախտել  հրադադարի պահպանման ռեժիմը: