Անդրիաս Ղուկասյանը 7 ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներին կոչ է անում միավորվել

Կես տարուց ավելի անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ է հղել խորդհրդարանական ընտրություններին մասնակցող 7 ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներին՝ կոչ անելով նրանց «միավորվել հանուն ապագայի»։ Ղուկասյանի բաց նամակը՝ ստորև։

Գործող օրենքի համաձայն՝ նորընտիր խորհրդարանում պետք է լինի առնվազն երեք կուսակցություն կամ դաշինք։ Իշխող կոալիցիա կազմող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն կարող ձևավորել խորհրդարան՝ առանց գոնե մեկ ընդդիմադիր կուսակցության մասնակցության։

Ձեր ղեկավարման տակ գտնվող 7 քաղաքական ուժերի միավորումը հնարավորություն է տալիս զանգվածային ընտրախախտումների դեպքում, ցանկացած պահի, կասեցնել ընտրական գործընթացը միասնական ինքնաբացարկով կամ մերժել ընտրությունների կեղծված արդյունքներրի ընդունումը մանդատներից հրաժարվելու միջոցով։

Ընտրակաշառքի բաժանման վրա հենված ՀՀԿ-ի թեկնածուների ընտրարշավի մեկնարկը արդեն իսկ տապալել է հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ և արժեզրկել ընտրությունների թափանցիկության բարձրացման համար Եվրոպական Միության կատարած ներդրումները։ Արդեն հիմա պարզ երևում է, որ իրավապահ համակարգը նպատակ չունի և ունակ չէ ապահովել ընտրությունների օրինական ընթացքը։ Հասկանալի է, որ իրավապահ համակարգը օրենքի դաշտ բերելու համար կարևոր պայման է հանդիսանում Սերժ Սարսգսյանի պաշտոնանկությունը։ Այդ խնդրի շուրջ 7 քաղաքական ուժերի միավորումը, անկասկած, ստանալու է հանրային լայն աջակցություն, որն անհրաժեշտ հակակշիռ կդառնա ընտողներին։ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքով, 7 տարբեր քաղաքական ծրագրեր ունեցող ուժերին միավորելու համար, կարելի է համաձայնության գալ ազգային վստահության կառավարությունում բոլոր ուժերի մասնակցության, ընտրական օրենսգրքի բարելավման և 2018թ-ին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերի շուրջ: Ձեզանից է հիմա կախված Հայաստանի տեսանելի ապագան, որովհետև ձե՛ր ձեռքում է գտնվում ընտրությունների ընթացքը հսկելու, Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նպատակով հանրությանը համախմբելու և երկրում ազատ ու արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելու հարցելի լուծումը։

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

1 մարտի, 2017թ․

***

Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է գտնվում հուլիսի 30-ից Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Հունվարի 26-ին Արաբկիրի առաջին ատյանի դատարանը դռնփակ նիստում 4-րդ անգամ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ երկարաձգել (երկու ամսով) «Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը։ Դատարանը նաև մերժեց 2 միլիոն դրամ գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդությունը: Անդրիաս Ղուկասյանի հետ նույն մեղադրանքով կալանավորվել էին նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը, որոնց խափանման միջոցը` կալանավորումը, հետագայում փոխվեց գրավով, և նրանք արգելանքից ազատվեցին։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր Ղուկասյանին:

Մեկնաբանել