Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը կրկին դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Մարտի 1-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեղիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Մեկնաբանել