Հաշվառումից դուրս գալը կապ չունի ընտրությունների հետ․ Արփինե Հովհաննիսյանը

«7000 քաղաքացու հաշվառումից դուրս գալը և նոր հասցեում հաշվառման կանգնելը էքստրաօրդինար չէ»,- Ազգային Ժողովում այսօր հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի մտահոգություն հնչեցրեց, որ հունվարի 10-ից մինչև փետրվարի 10-ը Հայաստանում 7000 քաղաքացի դուրս է եկել հաշվառումից և նոր հասցեում կանգնել հաշվառման։ Պատգամավորը նշեց, որ քաղաքացիների այս շարժը դիտարկվում է կառավարվող և ընտրակեղծարարության տրամաբանության շրջանակում։

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ոստիկանության տրամադրած վերջին հինգ տարիների տվյալները՝ նշելով, որ հաշվառումից դուրս գալը և նոր հաշվառման կանգնելը քաղաքացու իրավունքն է, և այն որևէ կապ չունի ընտրությունների հետ․ «2014 և 2015 թվականներին, եթե հիշում եք, ընտրություններ չկային, և չնայած դրան՝ ձեր նշած նույն ժամանակահատվածում հաշվառումից դուրս է եկել համապատասխանաբար 5000 և 6000 քաղաքացի»։

Նախարարը նշեց, որ յոթ հազար քաղաքացու վերահաշվառումն առտառոց երևույթ չէ, քանի որ ընդհանուր վիճակագրությունը ցուց է տալիս, որ թվաբանությունը տատանվում է հանց այս թվերի միջակայքում։ 2013 և 2016 թվականների տվյալները, ըստ նախարարի, համապատասխանաբար կազմում են 7000 և 5000 քաղաքացի։

Նախարարի այս դիտարկմանն արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 2013թ․ նախագահական ընտրություններն էին։ «Պարոն Փաշինյան, Դուք իրավացի եք, որ նախագահական ընտրություններն էին, սակայն նախագահական ընտրություններում բոլորովին կարևոր չէ, թե որ քաղաքացին որ հասցեում է հաշվառված»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս աղմուկն արհեստական է և պայմանավորված է նախընտրական կրքերով։

Մեկնաբանել