Հայաստանի Հանրապետությունը Իրաքի Էրբիլ քաղաքում հյուպատոսություն է ստեղծելու։ Այս հարցն ընդգրկված է մարտի 2-ի կառավարության նիստի օրակարգում։ Էրբիլը Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքն է։ Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Իրաքի հետ վերջին 5-6 տարիների ընթացքում աճում է ապրանքաշրջանառությունը, բացի այդ Քուրդիստանում ստվարանալու միտում ունի հայ համայնքը։
2015-ի փետրվարից մեկնարկել է Բաղդադ-Երևան-Էրբիլ ավիաուղղությունը։ Ի դեպ, Հայաստանից արտահանումը դեպի Իրաք այս տարիների ընթացքում ավելացել է։ Հիմնականում արտահանվում է սիգարետ, սիգար, ալկոհոլային խմիչքներ ու վերամշակված սննդի արտադրանք։