Ոչ միայն ինչ, այլև ինչու. ՍիվիլՆեթը նախաձեռնում է դրամահավաք արշավ

CivilNet.am կայքը ստեղծվել է 2011թ․ այն համոզմամբ, որ հնարավոր է մատուցել լրատվություն, որն արդի է, հիմնված փաստերի ու հետազոտության վրա, որը պատասխանում է ոչ միայն ինչ, այլև ինչու հարցերին՝ փորձելով տեսնել իրադարձությունների խորքն ու համատեքստը։ Այս հինգ տարիներին ՍիվիլՆեթը փաստեց, որ կարևոր հարթակ է Հայաստանում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացման գործում, հարթակ նրանց համար, ում առաջ հաճախ փակ են դռները և խոսափող այն ժամանակ, երբ բոլորը լռում են։

ՍիվիլՆեթի դերակատարությունը հատկապես հրատապ է այսօր, երբ Հայաստանը կանգնած է վճռորոշ` ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, և առավել քան երբեք կենսական է ՍիվիլՆեթի նման անկախ ձայների գոյությունը։

Հետևելով միջազգային առաջատար մի շարք պարբերականների օրինակին (ինչպիսին, օրինակ, հեղինակավոր Guardian-ն է)՝ ՍիվիլՆեթը նախաձեռնում է դրամահավաք արշավ՝ ակնկալելով նրանց օժանդակությունը, ովքեր կարևորում են Հայաստանում որակյալ, անկախ և ազնիվ լրագրության կայացումը։

Հաջողության պատմություններ․ ազդեցություն, պատասխանատվություն և վստահություն

ՍիվիլՆեթի՝ ազդեցության կարևոր լծակ լինելու հանգամանքը գալիս են ապացուցելու հաջողության տասնյակ այն պատմությունները, որոնք տեղի են ունեցել այս տարիներին։ Փոփոխությունը, որի համար պայքարել ենք, հաճախ եղել է ավելի քան շոշափելի՝ քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, իրավական և այլ հարցերում։

Երբ ՍիվիլՆեթի տեսանյութից հետո կատարվեց հաշմանդամություն ունեցող սպիտակցի Ինգայի ցանկությունը և նա սկսեց հաճախել հանրակրթական դպրոցում։

Երբ քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպանը դատարանում հայտարարեց, որ ՍիվիլՆեթը մի քանի ժամում ավելին է արել, քան իրենք բոլորը՝ մեկ տարում։

Երբ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի մեջ փոշիացած գումարների մասին ՍիվիլՆեթի նյութը մեջբերվեց ԱԺ-ում պատգամավորի կողմից, որը պատասխան պահանջեց նախարարությունից։

Երբ 2015թ․ սահմանադրական հանրաքվեի ժամանակ ՍիվիլՆեթի նկարահանող խումբը բացահայտեց, որ Այո-ի շտաբերում սնունդ են բաժանում։ Բացահայտվեցին ընտրակեղծարարների անունները, նրանց դեմ արշավ սկսվեց սոցցանցերում։

Երբ «Քո գրպանից՝ ֆինանսների նախարարության ծաղկեփնջերին» տեսանյութի հրապարակումից հետո Ֆինանսների նախարարությունը պարզաբանում տարածեց, որ այդ պայմանագիրը չեղյալ է հայտարարվել։

Վստահությունը, որը նվաճվել է այս տարիներին, անգնահատելի է։ Ընտրություններ, Սահմանադրական հանրաքվե, էլեկտրիկ Երևան, Ապրիլյան պատերազմ, 2016թ․ հուլիսին ՊՊԾ գնդի գրավում՝ բոլոր այս իրադարձությունների ժամանակ Սիվիլնեթը եղել է էպիկենտրոնում։

Նորարարություններ

Իր կայացման ընթացքում ՍիվիլՆեթը փորձերի ու փորձարկումների ճանապարհով ներմուծեց նաև մի շարք նորարար գաղափարներ՝ ուղիղ եթեր live, տեքստային ուղիղ հեռարձակում՝ live blog, մուլտիմեդիա նյութեր, տվյալների լրագրություն (data journalism):

Արցախ

Հիմնադրումից ի վեր Civilnet.am կայքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել Արցախը՝ իրավիճակը շփման գծում, քաղաքական զարգացումներ, միջազգային արձագանք։ Ապրիլյան քառօրյա պատերազմին մեր նկարահանող խումբն Արցախում էր, ինչն առանձնահատուկ կարևորություն ուներ այդ օրերին տեղեկատվական վակուումի պայմաններում։ Արցախի մասին Սիվիլնեթի տեսանյութերն ունեն նաև կարևոր փաստավավերագրական նշանակություն։

Թուրքիա-Հայաստան

Հնգամյա գործունեության կարևոր ուղղություններից է նաև Հայաստան-Թուրքիա երկխոսության ուղղությամբ աշխատանքը՝ տասնյակ այցելությունները, ֆիլմերը, հարցազրույցները, վերլուծությունները, ֆոտոշարքերը թույլ են տվել ավելի լավ ճանաչել Թուրքիան և կոտրել կարծրատիպերը։

Սարն ի վեր

ՍիվիլՆեթի թվերը

Խոսուն են նաև ՍիվիլՆեթի թվերը՝ մոտ 10 հազ․ հետևող Թվիթերում, մոտ 200 հազ․ հետևող Ֆեյսբուքում:

Սիվիլնեթ դիտում են աշխարհի 214 երկրից։ Դիտողների կեսը Հայաստանից է, 20%-ը՝ Ռուսաստանից, 11%-ը՝ Միացյալ Նահանգներից։ Հնգյակը եզրափակում են Ֆրանսիան և Գերմանիան։

Վերջին մեկ տարվա ընթացքում մարդիկ Սիվիլնեթ են դիտել 1 041 376 ժամ։ Մեզ ավելի շատ դիտում են երիտասարդները․ դիտողների 60%-ը մինչև 34 տարեկան է:

10 ամենադիտված տեսանյութերից 7-ը ՍիվիլՆեթի ուղիղ հեռարձակումներն են՝ տարբեր իրադարձությունների կիզակետերից։

Մոտ 50 հազ․ հոգի օրական հետևում է ՍիվիլՆեթին ՝ youtube-ով 37 521, իսկ կայքով՝ 12 հազ․ մարդ։

Վերջին մեկ տարվա ընթացքում Սիվիլնեթի տեսանյութերն ավելի քան 2.2 մլն like-են հավաքել Ֆեյսբուքում։

Մենք մեր մասին

ՍիվիլՆեթի թիմի անդամները հիմնականում անկախության սերնդի ներկայացուցիչներ են։ Նրանք վճռական են, պահանջատեր և նվիրված։ Նրանք ամեն օր ապացուցում են, որ ՍիվիլՆեթն ավելին է, քան աշխատանք։ ՍիվիլՆեթը աշխարհայացք է, գաղափար և այն փոփոխությունը, որը երազում ենք տեսնել Հայաստանում։

Մեկնաբանել