«Ազատ դեմոկրատներ»․ ակնհայտ արևմտամետ միակ ուժը

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից ինը կուսակցությունների և դաշինքերի ցուցակներում արևմտամետ գործիչների պակաս չի զգացվում։ Օրինակ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ելք» դաշինքերում, հատկապես՝ ցուցակների առաջին հորիզոնականներն զբաղեցնող գործիչներից նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Հայաստանի ապագան տեսնում են Եվրոպական և Եվրոատլանտյան տիրույթում։ Արևմտամետ անհատներ կան նաև ՀՅԴ-ի և անգամ իշխող ՀՀԿ-ի ցուցակում, սակայն միակ ուժը, որին կարելի է տալ արևմտամետ անվանումը առանց վերապահումների, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է։

Կուսակցությունը հիմնադրվել է 2011 թվականի մայիսին։ Մեկ տարի անց «Ազատ դեմոկրատները» «Ժառանգություն» կուսակցության ցուցակով մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, կուսակցության հիմնադիր և ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը և անդամներից նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դարձան պատգամավորներ։

Ամիսներ անց՝ 2013-ի փետրվարին, Քոքոբելյանը դուրս եկավ «Ժառանգություն» խմբակցությունից։ Ի վերջո, մինչև 2017-ը, խմբակցության բոլոր անդամները հեռացան, վերջինը Զարուհի Փոստանջյանն էր։ Բայց հեռացողներ եղան նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, այդ թվում՝ Ալեքսանդր Արզումանյանն ու փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։

Ընտրություններում «Ազատ դեմոկրատներին» միացել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր «Ազատություն» կուսակցությունով։ Համամասնական ցուցակը գլխավորում են Քոքոբելյանն ու Բագրատյանը, ընդ որում՝ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաղթելու դեպքում կուսակցության վարչապետի թեկնածուն լինելու է Բագրատյանը։

Համամասնական ցուցակի երրորդ և չորրորդ տեղերում են Ազգային ժողովի նախկին պատգամավորներ և «Ժառանգությունից» հեռացածներ, բայց «Ժառանգությունը» մարմնավորողներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը։ Սաֆարյանին կարելի է դասել Հայաստանում ամենաարևմտամետ գործիչների շարքում։

«Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակում ընդգրկված են նաև նախկին փոխոստիկանապետ Մասիս Այվազյանը, նախկին պատգամավոր, «Օրինաց երկրից» հեռացած Գագիկ Բաղդասարյանը։ Առաջին տասնյակում ընդգրկված է նաև Մասիս Այվազյանի որդին՝ Նարեկ Այվազյանը, ում անունը հայտնի դարձավ «Էլեկտրիկ Երևանի» օրերին։ Ցուցակում 17-րդը կրկին «Էլեկտրիկ Երևան»-ցի Վաղինակ Շուշանյանն է։ Ցուցակի 21-րդ հորիզոնականում է Քոքոբելյանի եղբայրը՝ Վաչիկ Քոքոբելյանը։

Ցուցակում՝ 12-րդը, տեղ է տրվել երկար տարիների նախկին ԱԻՄ-ական, այսօր անկուսակցական, խորհրդարանի նախկին պատգամավոր Ներսես Զեյնալվանդյանին։

Բոլոր ինը ուժերից ամենակարճ ընտրական ցուցակը ներկայացրել է հենց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 101 հոգի, սակայն մյուս կողմից՝ այս ցուցակը ընդգրկում է շատ երիտասարդ գործիչների ու կանանց։

Հաշվի առնելով, որ այս կուսակցությունը կարող է ֆինանսական միջոցներ ներդնել լավ և ընդգրկուն քարոզարշավ տանելու համար, որ այս ուժին քվե կտան Հայաստանը ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում չտեսնող քաղաքացիները և հաշվի առնելով, որ ընտրական ցուցակը բավական ներկայացուցչական է, ապա կարելի է սպասել, որ «Ազատ դեմոկրատները» կհաղթահարեն խորհրդարան մուտքի 5 տոկոսի արգելքը։

Չնայած «Ազատ դեմոկրատները» չեն ներկայացրել ազգային փոքրամասնաությունների ցուցակ, սակայն համամասնական ցուցակում ընդգրկել են ոչ հայկական ազգանունով երկու աղջիկների՝ Լուսինե Զակալաշվիլի և Դիանա Կիտյուկովա։

Ընտրական տարածքային ցուցակներով «Ազատ դեմոկրատներից» Ստյոպա Սաֆարյանը առաջադրվել է թիվ 1 ընտրական տարածքում, Անահիտ Բախշյանը՝ 3-րդում, Հրանտ Բագրատյանը՝ 4-րդում։ Իսկ Խաչատուր Քոքոբելյանը չի առաջադրվել։

Մեկնաբանել