Հրապարակվել է «Խոստումը» ֆիլմի նոր թրեյլերը

Հրապարակվել է Ցեղասպանության մասին «Խոստումը» պատմական դրամայի նոր թրեյլերը։ Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, սոցցանցերում հրապարակելով հոլովակը, գրել է, որ հպարտ է՝ ֆիլմի եզրափակիչ մասի երաժշտության համահեղինակը լինելու առթիվ:

Թվիթերում ֆիլմի պաշտոնական էջում ներկայացված թրեյլերն ուղեկցվում է հետևյալ գրառմամբ․ «Կայսրություններն ընկնում են, սերը՝ վերապրում։ Օսկար Այզեքը, Շառլոտ Լե Բոնը, Քրիսթիան Բեյլը՝ «Խոստումը» ազդեցիկ ֆիլմում։ Կինոթատրոններում՝ ապրիլի 21-ից»։

Փետրվարի վերջին Լոս Անջելեսում Էլթոն Ջոնի գլխավորությամբ անցկացված դրամահավաք ճաշկերույթի ժամանակ ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել հոլիվուդյան հարյուրավոր աստղեր։

«Ոչ ոք չի մոռացվում․ հենց դա է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության դեպքում»,- ասել է աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը։

 

Ստելլա Մեհրաբեկյան