Սերժ Սարգսյանը Euronews-ին չի պատասխանել՝ արդյոք հեռանալու է քաղաքականությունից

Անցյալ շաբաթ Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Euronews-ին՝ խոսելով, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի և այլ խնդիրների մասին։

Euronews-ի թղթակից Անդրեյ Բեկետովը դիտարկում է արել, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ի ընտրական ցուցակում չկա Սերժ Սարգսյան անունը։ «Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Դուք հեռանում եք քաղաքականությունից»,- հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է․

«Դա նշանակում է, որ մենք հաշվի ենք առնում մեր ընդդիմության անհանգստությունը, որ խորհրդարանական ընտրություններում մենք կօգտագործենք իշխանական ռեսուրսներ։ Դա նշանակում է, որ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին՝ իրենց դրսևորել քաղաքականության մեջ»։

– ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցություններն արդյո՞ք քայլ առաջ են, թե՞ քայլ հետ Ասոցացման համաձայնագրից, որից Հայաստանը հետ կանգնեց 2013թ․։

– Սա տեղի ունեցավ կողմերի բարի կամքի դրսևորման արդյունքում, և այս փաստաթուղթը էական չի տարբերվում նախորդ փաստաթղթից։ Ինչ վերաբերում է տնտեսական մասին, պետք է այնպես անեինք, որ այս փաստաթղթով մենք  չխախտեինք Եվրասիական տնտեսական միության նկատմամբ ստանձնած պարտավորությունները։  

– Ռուսաստանը դեմ էր Ասոցացման համաձայնագրին։ Արդյոք Ասոցացման համաձայնագրից հրաժարումը կապվա՞ծ էր Ռուսաստանին՝ ձեր խոշոր դաշնակցին գոհացնելու հետ։

– Բանակցությունների սկզբում մենք կարծում էինք, որ կարող ենք երկուսն էլ ունենալ՝ և՛ Ասոցացման համաձայնագիրը, և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ լինել։ Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել՝ մի ստորագրեք Ասոցացման համաձայնագիրը։ Նրանք մեզ ասացին՝ եթե պետք է ստորագրեք, Եվրասիական տնտեսական միության անդամ չպետք է լինեք, ուրեմն պարտավոր պետք է լինեք, օրինակ, էնէրգակիրները գնել միջազգային գներով։

– Ի՞նչ եք կարծում՝ արդյոք ԵՏՄ-ն ապագայում կարո՞ղ է ոտք մեկնել ԵՄ-ի հետ։

– Գիտեք, համարժեքության մասին խոսելը կարծում եմ դեռևս վաղ է։ Ճիշտ է խոսել երկու միությունների համագործակցության մասին։ Եվ մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է ։

– Ի՞նչ կարող եք առաջարկել Եվրոպային, բացի լավ ֆուտբոլիստներից, օրինակ՝ Մխիթարյանից։

– Գիտեք, մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ, ունենք Լևոն Արոնյան, օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ մենք կարող ենք ԵՄ-ին օգտակար լինել նաև գյուղատնտեսական ապրանքներ արտահանելով։ Այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, բայց ամենակարևորը, մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի հարևան, կանխատեսելի հարևան։

– Հայաստանը անվտանգության առումով ապավինում է Ռուսաստանին։ Արդյո՞ք փնտրում եք այլընտրանք, օրինակ՝ ի դեմս ՆԱՏՕ-ի։

– Երեկ ես հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ և նրան հրավիրել Հայաստան, որպեսզի մենք միասին կարողանանք ի մի բերել այն աշխատանքը, որ կատարել ենք այս քսանհինգ տարիների ընթացքում։  Մեզ համար այս համագործակցությունը երբեք չի խոչընդոտում ՀԱՊԿ-ում Ռուսաստանի հետ համագործակցությանը։