Հայաստանի երեխաների 14 տոկոսը գերքաշ է

Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 14%-ը գերքաշ է, 9%-ը ՝ թերաճ։ Գերքաշությունը շատ ավելի մեծ խնդիր է Հայաստանի երեխաների շրջանում, քան թերքաշությունը: Տվյալները Ազգային վիճակագրության ծառայությունից են։

Գերքաշ երեխաների համամասնությունը հաստատուն նվազում է բարեկեցության աճին զուգընթաց: Հիմնական կրթական մակարդակ ունեցող մայրերի երեխաները՝ համեմատած միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող մայրերի երեխաների հետ, նույնպես ավելի են հակված գերքաշության:

Չնայած տարբերությունները մեծ չեն՝ Հայաստանում գերքաշության մակարդակը տղաների շրջանում ավելի բարձր է, քան աղջիկների շրջանում։ Գյուղերում  գերքաշ երեխաներն ավելի շատ են, քան քաղաքներում։ Գերքաշությունն ամենից բարձր տարածվածություն ունի  Արարատի մարզում, որտեղ մինչև 5 տարեկան յուրաքանչյուր 3-րդ երեխա գերքաշ է։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ գերքաշ երեխաները մեծահասակ տարիքում ավելի մեծ հավանականությամբ կտառապեն սրտանոթային համակարգի հիվանդություններով, դիաբետով, քաղցկեղի որոշ տեսակներով, քան թերքաշ երեխաները։