Վերջակետ՝ «Ռուսթավի 2» վրացական ընդդիմադիր ալիքի գործում

Մարտի 2-ին Վրաստանի Գերագույն դատարանի մեծ պալատը վերջակետ է դրել «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերության համար վեճում։ Ըստ դատարանի որոշման՝ ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը վերադարձվում է նախկին սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշիին, 40 տոկոսը՝ նրան պատկանող «Պանորամա» ընկերությանը:

«Ռուսթավի 2»-ի շուրջ դատական վեճն ընթանում էր 2015-ից։ Գործարար Կիբար Խալվաշին, որը եղել է «Ռուսթավի 2»-ի սեփականատերը 2004-2006թթ., հայց էր ներկայացրել՝ պահանջելով իրեն վերադարձնել հեռուստաընկերությունը: Նա պնդում է, որ ժամանակին իրեն ստիպել են վաճառել, իսկ ավելի շուտ՝ առգրավել են հեռուստաընկերությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրահանգով:

2015թ․ նոյեմբերին Թբիլիսիի քաղաքային դատարանի վճիռը ի օգուտ Խալվաշիի էր: Դատավճռով ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը պետք է վերադարձվեր նախկին սեփականատիրոջը, 40 տոկոսը՝ նրան պատկանող «Պանորամա» ընկերությանը: Այդ որոշումն ուժի մեջ էր թողել նաև վերաքննիչ դատարանը։

Վրաստանի Գերագույն դատարանի մարտի 2-ի վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ երկրի ներսում, սակայն հեռուստաընկերության փաստաբաններն արդեն հայտարարել են, որ այն կբողոքարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

«Մենք երկրում ժողովրդավարության պարտության ականատեսն ենք։ Վրաստանում պարտություն է կրել խոսքի ազատությունը, արդարադատությունը»,- հեռուստաընկերության եթերում որոշումը մեկնաբանել է «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։ Նա խոստացել է, որ ալիքը շարունակելու է աշխատանքը և մնալու է եթերում։ Միևնույն ժամանակ, նոր սեփականատեր Խալվաշիին առաջարկվել է վաճառել հեռուստաընկերության բաժնետոմսերը ընկերության աշխատակազմին։ Գվարամիան հայտարարել է, որ դատարանի որոշումը նշանակում է «ընդդիմադիր կեցվածք ունեցող միակ հեռուստաալիքի փոխանցում նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին», ինչը մեծապես վնասում է Վրաստանի միջազգային հեղինակությանը։ Խալվաշիի մասին Գվարամիան ասել է, որ «նրա տերը իշխանություններն են»։

Կիբար Խալվաշին իր հերթին մեկնաբանել է իրեն արված վաճառքի առաջարկը։

«Քանի դեռ կա Միշայի [նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի – ՍիվիլՆեթ] վտանգը, չեմ վաճառի հեռուստաընկերությունը»,- ասել է Խալվաշին՝ պարզաբանելով, որ երբեք չի խոսել ընկերությունը վաճառելու մտադրության մասին։ Նա ասել է, որ հնարավոր է՝ ժամանակի ընթացքում ալիքը օտարի, սակայն «այսօր կամ վաղը դա անելու միտք չունի»։ Գործարարը չի պատրաստվում նաև բանակցություններ սկսել Նիկա Գվարամիայի հետ՝ նրան անվանելով «ավանտյուրիստ»։

«Նիկա Գվարամիան, ինչպես տեսնում եմ, մուլտիմիլիոնատեր է դարձել։ Երբ Գվարամիան բարձրաստիճան պաշտոնյա էր, նա, Միշան և նրա գործընկերները մեզ հասցրել են 50 մլն-ի վնաս»,- ասել է Խալվաշին՝ Գվարամիային անվանելով Միշայի ներկայացուցիչ։ Նա պնդում է, որ «Ռուսթավի 2»-ը ծառայելու է ժողովրդի շահերին և չի լինելու «կուսակցական հեռուստաընկերություն, ինչպիսին այսօր է»։

Օտարերկրյա դիվանգետներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, արձագանքելով «Ռուսթավի 2» հեռուսուստաընկերության գործով որոշմանը, այն որակել են Վրաստանում խոսքի ազատության և բազմակարծության սահմանափակում։

Որոշման հրապարակումից հետո ընկերության համախոհները բողոքի ակցիա են սկսել։

Լուսանկարը՝ Aliq Media-ի․ հեռուստաընկերության համախոհները բողոքի ակցիա են սկսել

***

1994թ. հիմնադրված հեռուստաընկերությունը կարևոր դեր է խաղացել Վրաստանում Վարդերի հեղափոխության ժամանակ՝ ստանալով «հաղթանակած ժողովրդի հեռուստատեսություն» անունը:

2003թ. հեղափոխությունից հետո հեռուստաընկերությունը, որը հայտնի էր իր սուր ռեպորտաժներով, բազմիցս է քննադատվել այն ժամանակվա իշխանություններին [Սաակաշվիլիի] ենթարկվելու համար:

Վրաստանում 2012թ. իշխանափոխությունից հետո «Ռուսթավի 2»-ն աչքի էր ընկնում նոր իշխանությունների հասցեին քննադատությամբ, ինչի համար մեղադրվել է կողմնակալության և Սաակաշվիլիի օգտին քարոզչություն իրականացնելու մեջ:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել