Տիգրան Մուկուչյանը խախտում չի տեսնում, որ պաստառներ են փակցնում

ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը սկսել են իրենց քարոզչական պաստառները փակցնել գովազդային մեծ վահանակների վրա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Առավոտ»-ի հետ զրույցում  նշել է, որ նախկինում ևս մինչ քարոզչության ժամանակահատվածի մեկնարկը նման պաստառներ փակցվում էին։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի պաստառները հայտնվել են քաղաքի մի քանի շենքերի վրա։ 

«Ավելին, ընտրություններին մասնակցող որոշ քաղաքական ուժեր շատ ավելի վաղ էին սկսել իրենց քարոզչական պաստառները փակցնել 5 քառակուսի մետրը չգերազանցող մակերեսով վահանակների վրա»,- ասել է Մուկուչյանը:

Փետրվարի 28-ին ԿԸՀ որոշմամբ` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև բաշխվել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը, և որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կուսակցություններն ու դաշինքներն ազատ էին կարող օգտվելու իրենց այդ իրավունքից:

Մուկուչյանը նշել է նաև, որ օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Ընտրական հանձնաժողովներն օրենսդրությամբ սահմանված նախընտրական քարոզչության կանոնակարգումների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնում են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, այս դեպքում` մարտի 5-ից սկսած:

Մանրամասներն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ում։

Թեմային ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։