Հրապարակվել է Գլոբալ քաղցի զեկույցը

Աշխարհում 795 մլն մարդ քաղցած է։ Ու չնայած զարգացող երկրներում քաղցի մակարդակը 2016թ․ 2000թ․ համեմատ նվազել է 29%-ով՝  աշխարհում դեռ 50 երկիր քաղցի լուրջ մակարդակ ունի՝ ըստ «Գլոբալ քաղցի ինդեքս 2016» զեկույցի։

Գլոբալ քաղցի ինդեքսը հաշվվում է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի կողմից աշխարհի 118 երկրում, և բաղկացած է մարդկանց թերսնման, երեխաների թերքաշի և մանկական մահացության ենթացուցանիշներից։

Գլոբալ քաղցի համաթվի 8.7 միավորով Հայաստանն աշխարհում քաղցի ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում է։ Ի դեպ 2008-ին՝  Հայաստանի միավորը եղել է ավելի բարձր՝ 11.7, այսինքն՝ քաղցի մակարդակն ավելի մեծ է եղել։

Հայաստանից ավելի վատ վիճակում է Ադրբեջանը՝ 9.8 միավոր։ Իսկ Վրաստանը (8.2),  Ռուսաստանը (6.8), Իրանը (6.7),  Թուրքիան (<5) քաղցի ավելի ցածր մակարդակ ունեն, քան Հայաստանը։

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը և Չադը 2016-ի տվյալներով՝ քաղցի ինդեքսի առաջատարներն են։ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում չորս տարվա քաղաքացիական պատերազմը, բռնությունը և զանգվածային տարհանումները ծանր հետք են թողել  սննդի արտադրության վրա։ Իսկ Չադը, որը նույնպես տուժել է տևական քաղաքացիական պատերազմից, սննդի ապահովման խնդիր ունի՝ կապված միգրանտների մեծ ներհոսքի և բնական աղետների հետ։ Այս երկրների օրինակները վկայում են, որ չնայած աշխարհում գլոբալ քաղցի մակարդակի նշանակալի նվազմանը՝ հակամարտությունները, վատ կառավարումը և բնական աղետների ազդեցությունը գյուղատնտեսության վրա շարունակում են կեղեքել երկրագունդը և պահանջում են վերափոխիչ գործողությունների պլան։