Դատախազությունը քննարկում է Հաց բերողի խափանման միջոցը փոխելու հարցը

ՀՀ դատախազությունում քննարկվում է Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի խափանման միջոցը փոխելու դիմումները։
Դատախազության հանրային կապերի բաժնից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ այս պահի դրությամբ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշում կայացված չէ:

«Ներկայացված դիմումները քննարկվում են, սակայն դեռևս որևէ որոշում չկա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ»,։

Հաց բերողի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ստորագրահավաք էր ընթանում Ազգային Ժողովում, որը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Երաշխավորության տակ ստորագրել է 26 պատգամավոր։

Հաց բերողի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ստորագրահավաք էր սկսել նաև «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը՝ հայտնի մարդկանց շրջանում։

Արթուր Սարգսյանը, որը մեղադրվում է 2016թ․ հուլիսի 17-ին Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված Սասնա ծռեր խմբավորմանը օժանդակելու մեջ, կալանավորել էր օգոստոսի 2-ին։ Այնուհետև պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխվել էր և ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին: Սակայն Սարգսյանին կրկին կալանավորել էին փետրվարի 9-ին։ Նա հաջորդ օրը հացադուլ էր հայտարարել, որը շարունակվում է մինչև այսօր։

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում էր արել Ֆեյսբուքում՝ տեղեկացնելով, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի վիճակը վատացել է․ նրա համար երկու անգամ շտապօգնություն է կանչվել, սակայն նա կտրականապես հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։

Մեկնաբանել