Քննչական կոմիտեն հրապարակեց ականի պայթյունից վիրավորված զինվորների անունները

Քննչական կոմիտեն հրապարակել է ականի պայթյունից վիրավորված զինծառայողների անունները՝ Նարեկ Գևորգի Գրիգորյան, Պերճ Արմենի Գաբրիելյան և Էրիկ Սամվելի Սահակյան։

ՍիվիլՆեթը հաղորդել էր, որ Տավուշի մարզի Վազաշեն գյուղում երեք օր առաջ ժամկետային երեք զինծառայող վիրավորում է ստացել, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Մինչև ՍիվիլՆեթի հրապարակումը այս դեպքի վերաբերյալ չկար պաշտոնական հաղորդագրություն։

Քննչական կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանը պայթուցիկ սարքի պայթունից ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ:

Վանաձորի հոսպիտալից ՍիվիլՆեթին ասացին, որ վիրավորներից մեկը գնտվում է այնտեղ՝ վիճակը բավարար է (չնշելով անունը), իսկ երկուսը գտնվում են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում, նրանցից մեկի վիճակը՝ միջին ծանրության է, իսկ մյուսինը ծանր է։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝  նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանն ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ): Կատարվում է նախաքննություն։