Ադրբեջանը դժգոհել է Ղրղզստանից իր դիրքորոշումը չպաշտպանելու համար

Ադրբեջանի համար «անհասկանալի» է Ղրղզստանի դիրքորոշումը, որը չի միացել Իսլամաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության քաղաքական կետերին։

Դրանում, մասնավորապես, ընդգծվում է ՏՀԿ-ի տարածքում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ջանքերի կարևորությունը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում։ Ղրղզստանը չի միացել հայտարարության քաղաքական կետերին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է այդ դիրքորոշումը՝ այն որակելով «բացարձակապես անհասկանալի», քանի որ հակամարտությունների առկայությունը խոչընդոտում է տարածքում տնտեսական համագործակցությանն ու զարգացմանը։

«Նման դիրքորոշումը լուրջ հարց է առաջացնում, թե ում ջրաղացին է նա ջուր լցնում»,- ասել է Հաջիևը։

Ղրղզստանը Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ միասին մտնում է Եվրասիական տնտեսական միության մեջ։

Մեկնաբանել