Հայ կոմունիստները՝ ապրիլին ընդառաջ  

 

Ապրիլի 2-ին կայանալիք քվեարկությանը մասնակցում է նաև Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Հայկոմկուսը կամ ՀԿԿ-ն, որը Խորհրդային Հայաստանում իշխող ուժ է եղել 1920-1990 թվականներին։

Հենց 1990-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում, երբ արդեն ՀայՀայկոմկուսը զրկվեց Մոսկվայի աջակցությունից, պարտություն կրեց Հայաստանում իշխանության եկող Հայոց համազգային շարժումից՝ ՀՀՇ-ից։

Այդուհանդերձ, 1990-1995 թթ․ խորհրդարանում՝ Գերագույն խորհրդում, որը ձևավորվեց Խորհրդային Միության գոյության շրջանում, սակայն հիմնականում գործեց արդեն անկախ Հայաստանում, ՀայՀայկոմկուսը երկրորդ ուժն էր ՀՀՇ-ից հետո։

1990-ի օգոստոսին ՀՀՇ-ն մեծ դժվարությամբ հաղթեց այն քվեարկությունների ժամանակ, որն ընտրում էր խորհրդարանի նախագահին, փաստացի՝ երկրի առաջնորդին։ Լևոն Տեր-Պետրոսյանը միայն երրորդ փորձով կարողացավ առավելության հասնել ՀայՀայկոմկուսի թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին։

Ուշագրավ մեկ փաստ ևս, որը անգամ կարելի է պատմական համարել․ հետխորհրդային՝ ԱՊՀ տարածքում, միակ երկիրը Հայաստանն էր, որտեղ կոմունիստները չկարողացան ռևանշ վերցնել և իշխանության վերադառնալ՝ թեկուզ այլ անունով։

Էդվարդ Շևարդնաձեն իշխանության եկավ Վրաստանում, Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանում, Բորիս Ելցինը՝ Ռուսաստանում, Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսում և այսպես շարունակ։ Վերապահումներով, 1999-ին Հայաստանում իշխանության եկավ նաև, Վազգեն Սարգսյանի հետ անշուշտ, Կարեն Դեմիրճյանը, սակայն այդ իշխանությունը ընդհատվեց Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ։ Անշուշտ, մենք չենք կարող նախկին կոմունիստներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերադարձը և 20-ամյա իշխանությունը համարել ՀայՀայկոմկուսի անուղղակի վերադարձ, քանի որ երկուսն էլ եղել են Խորհրդային Ադրբեջանի Հայկոմկուսի անդամներ։

Մյուս կողմից, եթե մաղենք այսօր իշխանական ՀՀԿ-ի և մյուս կուսակցությունների ցուցակները, ապա այնտեղ կարելի է գտնել բազմաթիվ կոմունիստների։

Ապրիլի 2-ի քվեարկությանը մասնակցող ինը ուժերից միակը հենց ՀայՀայկոմկուսն է, որը առանց դաշինքներ կազմելու, միայնակ, մասնակցել է 1990-ից սկսած խորհրդարանական բոլոր ընտրություններին։

1995-ի ընտրություններում, որոնք ժողովրդի մեջ մտան որպես առաջին կեղծված ընտրություններ, իսկ միջազգային դիտորդական եզրակացությունն էր՝ «ազատ, բայց ոչ արդար», ՀայՀայկոմկուսը երրորդն է «Հանրապետություն» միավորումից (ՀՀՇ, Հանրապետական և մի քանի այլ ուժեր) և կանանց «Շամիրամ» կուսակցությունից հետո՝ 12 տոկոս համամասնական ընտրակարգով։ Այն ժամանակ խոսվում էր, որ Վանո Սիրադեղյանը ստեղծեց կանանց «Շամիրամը», որպեսզի Հայկոմկուսը չզբաղեցնի երկրորդ հորիզոնականը։

1999-ի ընտրություններում Հայկոմկուսին, ինչպես ակնարկում էին կոմունիստներն իրենք, մեծ հարված էր նախկին կոմունիստ և Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանի մասնակցությունը ընտրություններին, քանի որ նրա և Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքը, որը միավորում էր ՀԺԿ-ին ու Հանրապետականին, տասնյակ հազարավոր ձայներ ստացավ նախկին կոմունիստներից։ 1999-ի ընտրություններում Հայկոմկուսն ստացավ քվեների 12 տոկոսը, ճիշտ այնքան, որքան 1995-ին, երբ Կարեն Դեմիրճյանը չէր վերադարձել քաղաքականություն։

2003-ի, 2007-ի և 2012-ի խորհրդարանական ընտրություններում կոմունիստները այլևս չկարողացան հաղթահարել 5 տոկոսի շեմը։ Վերջին՝ 2012-ի ընտրություններում, նրանք ստացան քվեների միայն մեկուկես տոկոսը։

Ապրիլի 2-ի քվեարկությանը Հայկոմկուսը ներկայացրել է 173 հոգանոց ցուցակ, որոնց զգալի մասը թոշակառուներ են կամ գործազուրկներ, իսկ միջին տարիքը 60 է։

Ցուցակը գլխավորում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, 76-ամյա Տաճատ Սարգսյանը։ Երկրորդ հորիզոնականում Առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն է։

Լուսանկարը՝ Արմենպրեսի