Հաց բերողը ազատ կարձակվի․ Նիկոլ Փաշինյան

Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի խափանման միջոցը կփոխվի․ այս մասին քիչ առաջ Ֆեյսբուքում ուղիղ եթերով հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Քիչ առաջ մի խումբ պատգամավորներով հանդիպման էինք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ և նա տեղեկացրեց, որ պատրաստ է ընդունել մեր ներկայացրած երաշխավորագիրը Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանի հետ գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մոտ։

«Քիչ հետո հանդիպում կունենանք Արթուր Սարգսյանի հետ, որից հետո հանդես կգանք որպես երաշխավոր Արթուր Սարգսյանին ազատ արձակելու համար։ Գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազի հետ կձևակերպենք բոլոր փաստաթղթերը, որպեսզի Արթուր Սարգսյանը ազատ արձակվի»,- նշեց Փաշինյանը։

Հաց բերողի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ստորագրահավաք էր ընթանում Ազգային Ժողովում, որը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Երաշխավորության տակ ստորագրել է 26 պատգամավոր։

Հաց բերողի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ստորագրահավաք էր սկսել նաև «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը՝ հայտնի մարդկանց շրջանում։

Արթուր Սարգսյանը, որը մեղադրվում է 2016թ․ հուլիսի 17-ին Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված Սասնա ծռեր խմբավորմանը օժանդակելու մեջ, կալանավորել էր օգոստոսի 2-ին։ Այնուհետև պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխվել էր և ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին: Սակայն Սարգսյանին կրկին կալանավորել էին փետրվարի 9-ին։ Նա հաջորդ օրը հացադուլ էր հայտարարել, որը շարունակվում է մինչև այսօր։

Մեկնաբանել