Ադրբեջանի հետ հարաբերությունները ընկերական են, եղբայրական և ռազմավարական․ Ռոհանի

Ադրբեջանի հետ հարաբերությունները ընկերական են, եղբայրական և ռազմավարական․ մարտի 5-ին Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Կիրակի օրը Ալիևը մեկօրյա այցով ժամանել էր Իրան։

Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Ռոհանին նշել է, որ բոլոր տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը, պետք է լուծվեն երկխոսության միջոցով։

Իրանի ղեկավարը շեշտել է, որ Թեհրան-Բաքու կապերը վերջին երեք տարիներին «նշանակալի առաջընթաց» են գրանցել։ Խոսելով սիրիական հակամարտության մասին և հույս հայտնելով, որ այն կլուծվի քաղաքական ճանապարհով, Ռոհանին ասել է․ «Իրանի համոզմամբ՝ երկրների տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, իսկ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն քաղաքական միջոցներով և երկխոսության ճանապարհով»։

Ալիևն իր հերթին շեշտել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները «գերազանց» են․ տնտեսական համագործակցությունը նշանակալի առաջընթաց է գրանցել։ Առանձնահատուկ շեշտվել է տարանցման ոլորտում համագործակցությունը, որում մեծ դեր է խաղում, ըստ Ալիևի, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը։ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը սկսել է Ղազվին – Ռեշտ (Իրան) – Աստարա (Ադրբեջան) երկաթուղու ֆինանսավորումը, որը Հյուսիս-Հարավի մաս է կազմում և կոչված է միացնել Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ։ Երկաթուղու Ռեշտ-Աստարա հատվածի շինարարության արժեքը 1,1 մլրդ դոլար է։

Հյուսիս-Հարավ երթուղով բեռները պետք է անցնեն Հնդկաստանի տարածքով դեպի Պարսից ծոց, Իրան, Ադրբեջան և Ռուսաստան՝ Սկանդինավիայի և Հյուսիսային Եվրոպայի ուղղությամբ ընդամենը 14 օրում։ Ներկայում կոնտեյներները Իրանից Ադրբեջան են տեղափոխվում բեռնատար մեքենաներով, ապա բեռնվում են Աստարայի երկաթուղային կայարանի պլատֆորմների վրա և ուղարկվում Ռուսաստան։

Մեկնաբանել