Justice for Armenia-ն Հաց բերողին կոչ է անում դադարեցնել հացադուլը և միանալ պայքարին

Լոնդոնում բնակվող հայերի Justice for Armenia նախաձեռնությունը նամակ է գրել՝ Արթուր Սարգսյանին (Հաց բերող): Նամակը ստորև.

«Սիրելի Արթուր,

Ձեզ գրում ենք Լոնդոնում բնակվող հայերի Justice for Armenia նախաձեռնության անունից` փոխանցելու մեր սրտի խոսքն ու Ձեր դրության շտապ կայունացման, Ձեր գործով արդարության հաստատման մեր մեծագույն ցանկությունը:

Հայաստանը միայնակ չէ, Հայաստանի կյանքը մեր` Սփյուռքում բնակվող իրազեկ հայերիս ամենօրյա մտահոգությունների, ուրախությունների և քննարկումների թեման է: Վերջին տարիները շատ խնդիրներ են բյուրեղացրել մեր հայրենիքում, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Անարդարությունը և մարդու իրավունքների ոտնահարումները վաղուց անցել են անընդունելիի սահմանը, և մեր նախաձեռնությունը, միգուցե փոքր-ինչ ուշացած, հնարավորություն է մեզ համար` ի մի բերելու և ծառայեցնելու մեր փորձն ու գիտելիքները` հայաստանյան իրականության մեջ արդարության վերականգնման և հաստատման գործին: Անարդարության դեմ պայքարելու բազմաթիվ “անվտանգ” ձևեր կան` հատկապես հեռավորության վրա. մենք հաճախ խոսում ենք խնդիրների մասին, բարձրաձայնում, բղավում, բայց` ապարդյուն:

Նախորդ տարի` մինչ մենք Սփյուռքում և հայրենիքում քննարկում էինք Սասնա ծռերի խմբի անդամներին սովից փրկելու հարցը, Դուք չսպասեցիք, Դուք որոշեցիք ուղղակիորեն մասնակցել ու փոխել իրադրությունը: Դուք չսակարկեցիք, այլ գործեցիք անմիջապես` պատրաստ զոհաբերելու Ձեր կյանքը: Եվ այդ զոհաբերությունը ոչ թե մասնավոր անձանց համար էր, այլ` հանուն սկզբունքի: Դուք Ձեր քայլով սթափեցրիք մեզ և ցույց տվեցիք, որ քաղաքացու արժանապատվությունը կյանքով չի չափվում: Հայ հանրությունը նախորդ տարի բազմաթիվ զոհաբերություններ տեսավ. սահմանին կանգնած հերոսները նույնպես չէին սակարկում կյանքի և արժանապատվության միջև: Այս ցավը որքան անտանելի, նույնքան նորոգող է հանրության համար. զոհաբերությունը մաքրում է ամեն կասկած և բարցրագոչ հայտարարությունների ու աղմուկի մեջ հիշեցնում ու մատուցում ամենակարևոր արժեքները: Նախորդ տարի հանրությունը սկսեց վերագնահատել իր առաջնահերթությունները` փորձելով արժանի դառնալ այս զոհաբերություններին: Սակայն ժամանակ և հավաքական մտածողություն է պետք` նման ցավը կրելու և վերաիմաստավորելու համար: Մեր հանրությունը` Սփյուռքում և հայրենիքում, դեռևս փորձում է գնահատել և գտնել իր տեղն ու դերը` իրականության նոր պայմաններում:

Մենք` որպես քաղաքացիներ և սրտացավ հայեր` Հայաստանում, թե երկրից դուրս, պիտի կարողանանք գործնականորեն սատար կանգնել արդարության Ձեր պայքարին, փորձել նույնքան հետևողական լինել անարդարության բոլոր դրսևորումների պարագայում և կանխել այն զոհաբերությունը, որին Դուք գնում եք այսօր: Մենք ողջունում ենք այն երիտասարդներին, ովքեր ցրտի և եղանակային վատ պայմաններում նստացույց են իրականացնում Երևանի կենտրոնում` պահանջելով Ձեր ազատ արձակումը, նրանց վճռականությունը շատ ոգևորող է և պարտավորեցնող: Բայց Ձեր քայլին որպես համայնք և ժողովուրդ արժանի լինելու համար մեզ շատ ամուր բարոյական ողնաշար է պետք, իսկ այսօր, ցավոք, առաջիկա ընտրություններին տանող զարգացումները և քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ մենք դեռևս չունենք այդ ողնաշարը, մենք բավարար կուռ չենք և դեռ շատ պիտի աշխատենք և կրթենք ինքներս մեզ, որպեսզի գիտակից և արժանի լինենք, այն զոհաբերությանը, որ Դուք այսօր պատրաստ եք անել: Այս պայքարը շարունակելու համար մեզ պետք է, որ Դուք մեր կողքին լինեք` որպես մեր արթուն խիղճ, որպես սկզբունքի և արժանապատվության մարտիկ: Խնդրում ենք` դադարեցրեք Ձեր հացադուլը և թույլ տվեք կիսել արդարության այս պայքարը Ձեզ հետ:
Սիրով,

Justice for Armenia»նախաձեռնություն, Լոնդոն

P.S. Երևանից այսօր տարածվեց Արթուր Սարգսյանին առաջիկա ժամերին ազատ արձակելու մասին լուրը, որի համար մենք սրտանց ուրախ ենք: Հուսով ենք` խոստումը այս պահին իսկապես վեր է ածվում գործնական որոշման: Սակայն նպատակահարմար ենք համարում հրապարակել մեր նամակը, քանի դեռ Արթուրը չի դադարեցրել իր հացադուլը»:

Մեկնաբանել