Հայաստանն ու Ադրբեջանը դեռ հեռու են նրանից, որ պայմանավորվածության հասնեն ղարաբաղյան կարգավորման մի շարք առանցքային ասպեկտների շուրջ․ այսօր Մոսկվայում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մենք ակնկալում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ենթակա է կարգավորման։ Այդ մասին են վկայում բազմամյա շփումների արդյունքները, որոնց հիման վրա հաջողվել է մշակել կարգավորման ենթակա առանցքային հարցերի ընդհանուր ընկալում։ Դա և անվտանգության հարցերն են, նախևառաջ, և մարդասիրական հարցեր, այն շրջանների վերադարձի հարցը, որոնք այժմ գտնվում են Ղարաբաղի շուրջ և չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից։ Դա և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, անշուշտ, հաշվի առնելով այն մարդկանց, որոնք այնտեղ բնակվում են։ Դա նաև միջազգային խաղաղարար ուժերի պարամետրերի համաձայնեցումն է»,- ասել է Լավրովը։ Նրա խոսքով՝ այդ ասպեկտների մեծ մասի շուրջ «կա համաձայնություն»։
«Սակայն կան երկու-երեք թեմաներ, որոնք վերջանական փաթեթի համար առանցքային են և դեռ քննարկվում են։ Եվ, չեմ թաքցնի, մենք դեռ հեռու ենք այնպիսի իրավիճակից, որում կողմերը կմշակեն միասնական մոտեցում այդ ասպեկտների հանդեպ»,- ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Նա հավելել է, որ մի քանի հարցեր, որոնք այսօր քննարկվել են Մամեդյարովի հետ, դեռ «լրացուցիչ ջանքեր են պահանջում»։