Անդրիաս Ղուկասյանը կշարունակի պատիժը կրել կալանավայրում

Քիչ առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաննրի ընդհանուր իրավասության դատարանում մերժվեց «Ոտքի Հայաստան» նախաձեռնութայն անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակով 18-րդ համարի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի՝ գրավի դիմաց կալանքից ազատելու դիմումը։

Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում քննիչը պնդում էր, որ Ղուկասյանը պետք է շարունակի կալանավորված մնալ, քանի որ կարող է փախչել, խանգարել քննությանը կամ ճնշում գործադրել վկաների վրա։

«Բոլոր ոստիկան վկաներն արդեն ցուցմունքներ տվել են, ի՞նչ ճնշման մասին է խոսքը։ Բացի այդ, Ղուկասյանը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, նրա շահերից չի բխում փախչելը։ Անդրիաս Ղուկասյանն ընտրություններին մասնակցող այլ թեկնածուների հետ նախընտրական քարոզարշավին մասնակցելու հավասար իրավունքներ ունի։ Սա ակնհայտ քաղաքական որոշում է», – հավելեց պաշտպանը։

Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը։

Մեկնաբանել