Մարտի 8-ի կինը ապրիլի 7-ի կինը չէ

Մարտի 8-ը սիրո տոն չէ: Այն կանանց իրավունքների օր է: Ժամանակին տղամարդիկ կնոջը չեն ընկալել որպես իրենց հավասարի: Ահա և առաջացել է այս օրը: Այն չի աստվածացնում կնոջը: Այլապես իրավահավասարության մասին խոսք չէր լինի: Այն մայր լինելու հետ կապ չունի: Որովհետև իրավահավասար է կինը:

Մարտի 8-ի կինը ապրիլի 7-ի կինը չէ: Մարտի 8-ի կինը կարող է բղավել, կարող է տան ափսեները ջարդել ամուսնու գլխին և աչքն էլ չթարթել: Մարտի 8-ի կինը կարող է ոչ միայն ամուսնուն, այլև փողոցոմ իրեն ոչ այն հայացքով նայող ցանկացած մեկին դատի տալ: Մարտի 8-ի կինը այս կյանքի կինն է: Նրան կարելի է կաշառել, կաշառվելիս նա կարող է սակարկել, կարող է ինքը կաշառք առաջարկել, կարող է մերժել կաշառքը, կարող է գրողի ծոցն ուղարկել կաշառողին և այդ մասին գրել կարևոր հոդված: Մարտի 8-ի կինը ապրող կին է: Նա Հրանտի սեր չտեսած Աղունն է` Մայրը, որին ապրիլի 7-ը ոչ մի կերպ չդիպավ, թեպետ ամբողջ կյանքում իր մեջ պահեց ապրիլի 7-ի զգացումը: Ապրիլի 7 չունեցածի վրեժն է նա շաղ տալիս պատահած և «ապրիլի 7»-ից գաղափար չունեցողների դեմքին:

Մարտի 8-ը կնոջ մեջ ոչնչացրեց հնազանդության աստվածային ներկայացուցչին, որի մեջ դրված էր Ամենայն սիրելին: Հիմա կինը մեզանից մեկն է: Նա իրավահավասարն է: Նա որոշում կայացնողն է: Նա հրապարակի մարդկանցից մեկն է: Նա կարող է սիրել և պայքարել իր սիրո համար, կարող է չսիրել և չմտածել անգամ այդ մասին: Մարտի 8-ի կնոջ կյանքում տղամարդը նրա կեսը չէ, որովհետև ինքն այլևս կեսը չէ: Եթե կինն ամբողջն է, նա ամբողջն է նույնիսկ ի հեճուկս տղամարդու: Այսօր մի կինն է տղամարդուն սիրելի, վաղը սիրելի կլինի մյուսը: Ի վերջո կանգ կառնենք նրա վրա, ում չենք սիրում կամ չենք սիրելու: Մարտի 8-ի կնոջ համար տղամարդը սիրտ է «ծախսում» խնայողաբար: Պահեստում միշտ «չօգտագործված» սիրտ կա: Սրտի այդ մի մասը կնոջը կարող է պետք չգալ: Այդ մի մասն ընդհանրապես կարող է «չորանալ» պահեստում: Ամբողջ սիրտը միշտ ապրիլի 7-ի համար է: Մարտի 8-ը հիշեցումն է, որ կինն սկսվում է էդ պահից, երբ նրան չես սիրում: Որովհետև, երբ սիրում ես, տարվա բոլոր օրերն էլ հռչակես մարտի 8, ինքը էդ բոլոր օրերը ստվերող լավագույնն է լինելու: Ապրելու ես նրա համար, նրանով և այլն: Մարտի 8-ը տոն չէ, եթե տղամարդը հիմար է: Մարտի 8-ը տոն չէ, եթե տղամարդը չի գտել կնոջը: Մարտի 8-ը տոն չէ, եթե կինը միշտ ևս մեկն է:

Մարտի 8-ի կինը տղամարդուն սովորեցրեց սիրուն զոռ չտալ: Որովհետև ինքն այլևս նախկինը չէ: Ու դա ըստ երևույթին տղամարդու մեղքն էր: Կինն ի սկզբանէ սիրո արարած էր: Եթե ինքը դավադիր էր, ապա հանուն սիրո, եթե ատում էր տղամարդուն, դարձյալ սիրո անունից: Կինը սիրո իրացումն էր, աստվածներից հետո նա առաջին հերոսն էր: Սակայն կինը սոսկ այս պահի կինը չէ՝ երբ խելքդ գնում է նրա համար, նա նաև Աղունի վաղվա մերացուն է, որը կյանք խժռող է: Նա նաև այն օրվա կինն է, երբ տղամարդն այլևս սիրո ժամանակ չունի: Ահա այդ ժամանակ կինը պայթում է, և տղամարդը մտածում է ինքնապաշտպանության մեխանիզմների մասին:

Մարտի 8-ը տղամարդու ինքնապաշտպանության մեխանիզմների իրավազրկման օրն է, հռչակումը, որ կինը սիրո սպասարկու չէ, որ ինքը միշտ է կին: Սակայն այդ օրվա կինն այլևս ապրիլի 7-ի մեծարման ոչ մի տարրը չէր կրում: Տղամարդիկ գլխով արեցին՝ թող լինի իրավահավասար, տղամարդիկ ձեռքով արեցին՝ քո տեղը խոհանոցում չէ: Տղամարդիկ ընդունեցին կնոջը, բայց այդպես էլ չմարսեցին այն օրը, երբ հազարավոր կանայք, ինչ-որ մեկի սերը, ինչ-որ մեկի անմատչելի կույսը, կարող են լցվել փողոցներ և հարգել իրենց իրավունքները: Այդ օրը տղամարդիկ հասկացան, որ պետք է սիրտ պահեստավորել, գուցե գա այն կինը, որն առանց քահանայի թիթիզ հարցի էլ կնայի աչքերիդ մեջ ու կասի՝ հնազանդ եմ քեզ, սիրելիս:

Մեկնաբանել