Խաղաղությունը կփոխի ամեն ինչ տարածաշրջանում․ Ջեյմս Ուորլիք

«Ես կցանկանայի լսել մարդկանց ձայնը, որպեսզի Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիները բարձրաձայնեն, որ եկել է ժամանակը խաղաղություն հաստատելու, և ստիպեն նախագահներին կարգավորման ճանապարհ գտնել»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում։ Նա նշել է, որ իր տպավորությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները գիտակցում են, որ հակամարտության վերսկսումը ծայրահեղ վտանգավոր է.

«Մինչ օրս պարզ չէ, թե շփման գծում ինչ է տեղի ունենում, քանի որ չկա որևէ անկախ աղբյուր, որը տեղեկացներ, թե ով է սկսել և ով առաջինը կրակ արձակել: Նախորդ տարվա ապրիլին բազմաթիվ զոհեր եղան, և մինչ օրս զոհերի թիվը հստակ չէ»:

Ջեյմս Ուորլիքի խոսքով, հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն իրականում խաղաղության չի բերում.

«Ստատուս քվոն կայուն չէ, այն էլ ավելի հավանական է դարձնում պատերազմի վտանգը, մինչդեռ խաղաղությունը կփոխի ամեն ինչ, այն կփոխի ամեն ինչ տարածաշրջանում: Հայաստանում այն կբերի տնտեսական աճի ՝ նոր հնարավորությունների հսկայական ուղիներ բացելով»:

Նախկին համանախագահի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական արգելքը կողմերի մոտ քաղաքական կամքի պակասն է.

«Երկու նախագահներն էլ պետք է պատրաստ լինեն առաջ շարժվելու: Երկուսն էլ, ոչ թե մեկը կամ մյուսը, այլ երկուսն էլ պետք է որոշեն, որ եկել է խաղաղության ժամանակը: Իսկ խաղաղությունն իր հետ ռիսկեր է բերում»:

Նախկին դիվանագետը հիշեցնում է՝ համապարփակ կարգավորումը բազմաթիվ գործոններից է բաղկացած, և դրանք բոլորն էլ պետք է մշակվեն․

«Երկու նախագահներն էլ պետք է իրենց բնակչությանը նախապատրաստեն խաղաղության: Կարևոր է հասկանալ, որ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն, միևնույն ժամանակ, պետք է խոսվի նաև Ադրբեջանին տարածքների վերադարձի մասին»:

Չնայած բոլոր դժվարությունների, Ջեյմս Ուորլիքը հավատում է, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է խաղաղություն հաստատել.

«Տարածաշրջանի բնակչությունն արժանի է խաղաղության: Այժմ եկել է ժամանակը և եթե ոչ այժմ, ապա ե՞րբ»:

Մեկնաբանել