Հայաստանն ու Ֆրանսիան մի շարք համաձայնագրեր են ստորագրել

Մարտի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։

ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը կայացել է Ելիսեյան պալատում։ Դրա ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են` Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասին, Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության և Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ մտադրությունների հայտարարություն, համագործակցության շրջանակային համաձայնագիր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Տուլուզ Միդի-Պիրենեյ դաշնային համալսարանի, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Տուլուզի ազգային պոլիտեխնիկա ինստիտուտի, Տուլուզ 3-Պոլ Սաբատիեի համալսարանի, Տուլուզ 1 Կապիտոլ համալսարանի, Տուլուզի Ժան-Ժորե համալսարանի միջև:

Լրագրողների առջև երկու նախագահները հանդես են եկել հայտարարություններով։

Սերժ Սարգսյանը նշել է, որ ՄԵԴԵՖ-ում փորձում էր համոզել ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում ներդրումային բարենպաստ պայմաններ կան։ «Առաջարկեցի նրանց գալ Հայաստան և ներդրումներ կատարել: Փորձեցի համոզել այն իրականությամբ, որ այսօր Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար` արտադրելու Հայաստանում և իրացնելու Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկայում: Եվ երկրորդ` ունենալով Իրանի հետ լավ հարաբերություններ, Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ընթացքում այդ երկրի հետ պահպանելով լավ հարաբերություններ, ճանաչելով իրանական շուկան և Իրանի ժողովրդին՝ Հայաստանը ևս կարող է այստեղ առաջատար ֆրանսիական ընկերություններին օգտակար լինել, եվրոպական ընկերություններին հարթակ ծառայելով` ունենալով հնարավորություններ և այդ հնարավորություններն ի սպաս դնել մեր այս հարաբերությունների զարգացմանը: Եթե ֆրանսիական բիզնեսը ծաղկի Իրանում, մենք ևս կլինենք օգտատերերի թվում»:

Սերժ Սարգսյանը Ֆրանսուա Օլանդին շնորհակալություն է հայտնել 2018թ․ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու որոշմանն աջակցելու համար․ «Մեզ համար դա շատ կարևոր միջոցառում է, և մենք անպայման կարողանալու ենք 2018թ․ լավ մակարդակով կազմակերպել ու անցկացնել այդ միջոցառումը»: