Թուրք դիվանագետները ապաստան են խնդրել Շվեյցարիայում․ պարբերական

Դիվանագիտական անձնագրերով մի քանի անձինք ապաստան են խնդրել Շվեյցարիայում․ այս մասին գրել է շվեյցարական Tages-Anzeiger թերթը, որի տվյալներով՝ հայցվորների թվում է Շվեյցարիայում Թուրքիայի նախկին գործերի հավատարմատար Վոլքան Կարագյոզը։

Պարբերականը գրում է, որ դիվանագետը մեղադրվում է Թուրքիայի իշխանությունների հակառակորդ և անցյալ հուլիսին հեղաշրջման փորձում մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին սատարելու մեջ։ Ապաստան խնդրած դիվանագետների թիվը չի հստակեցվում։ Շվեյցարիայի և Թուրքիայի իշխանությունները չեն մեկնաբանել տեղեկատվությունը։

2016թ․ հուլիսին Թուրքիայում տեղի էր ունեցել հեղաշրջման փորձ, որի արդյունքում զոհվել էր ավելի քան 240 մարդ, վիրավորվել ավելի քան 2 հազարը։ Պաշտոնական Անկարան հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրում է իսլամական քարոզիչ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին և Վաշինգտոնից պահանջում է արտահանձնել նրան։