Փոխգնդապետ Աշոտյանը և ՀՀԿ-ի ոսկե տասնյակը

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, որին Սերժ Սարգսյանը անցնող հոկտեմբերի 3-ին նշանակվեց պաշտպանության նախարար։ Կարճ ժամանակ անց Վիգեն Սարգսյանը անդամակցեց ՀՀԿ-ին։

Վիգեն Սարգսյանը 1995-1998թթ. եղել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի օգնական-խորհրդականը, 2000-2003 թթ. ծառայել բանակում որպես այն ժամանակ նախարար Սերժ Սարգսյանի ռեֆերենտ: 2003–2009 թթ. եղել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական, ապա Սերժ Սարգսյանի օգնական, 2009–2011 թթ.՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 2011-2016 թթ.՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Պարոն Սարգսյանը գոնե որպես նախարարի ռեֆերենտ ծառայել է հայկական բանակում՝ ի տարբերություն ՀՀԿ-ի առաջին տասնյակի չորս այլ երիտհանրապետականների, որոնք ընդհանրապես բանակ չեն գնացել։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը (հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին), ով բանակում չի ծառայել, ՀՀԿ-ի ցուցակում երկրորդն է։ Հայկական բանակում չծառայելը չի խանգարել, որ պարոն Մարգարյանը Արցախի պաշտպանության նախարարի կողմից արժանանա «Պաշտպանության բանակ» հուշամեդալին, իսկ ավելի վաղ Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանին, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներին, «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալին:

Ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Աշոտյանը ևս չի ծառայել բանակում և, ի տարբերություն Տարոն Մարգարյանի, կոչումների ավելի համեստ հավաքածու ունի։ Նա պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։ Պարոն Աշոտյանը Հայաստանի զինված ուժերի պահեստազորի սպա է, փոխգնդապետ:

Էդուարդ Շարմազանովը, ով ցուցակում 7-րդն է, նույնպես չի ծառայել բանակում, սակայն արժանացել է «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալների և «ԵԿՄ 20-ամյակ» հուշամեդալի։

Ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Ֆարմանյանը ևս չի ծառայել բանակում և, ի տարբերություն Մարգարյանի, Աշոտյանի ու Շարմազանովի, բանակաշինության ասպարեզում ծառայությունների շատ համեստ հավաքածու ունի։ Նա պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով։ Ի դեպ, նախքան ՀՀԿ-ին անդամակցելը, պարոն Ֆարմանյանը եղել է «Օրինաց երկիր» և «Միակ» կուսակցությունների ղեկավար կազմում, սակայն նրա կենսագրականում այդ մասին հիշատակություններ չկան։

ՀՀԿ-ի ոսկե տասնյակը եզրափակում է բանակում չծառայած պահեստազորի սպա, լեյտենանտ Կարեն Ավագյանը։ Պարոն Ավագյանը բանակաշինության ասպարեզում ծառայությունների համար մեդալի, հուշամեդալի կամ շքանշանի չի արժանացել։

Վերոնշյալ քաղաքական և պետական գործիչներից բացի՝ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են երկու նախկին լրագրողներ՝ Արմեն Ամիրյանն ու Մարգարիտ Եսայանը, բժիշկ Արա Բաբլոյանը և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

ՀՀԿ-ի ցուցակի երկրորդ ոսկե տասնյակին՝ «ծանր հրետանուն»՝ Մանվել Գրիգորյան, Շուշան Պետրոսյան, Գալուստ Սահակյան, Հերմինե Նաղդալյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան, կանդրադառնանք այլ առիթով։

Մեկնաբանել