Իսլամական պետությանը միացել է ավելի քան 900 ադրբեջանցի

Ադրբեջանի 900-ից ավելի քաղաքացիներ ծայրահեղական կազմակերպությունների ազդեցության տակ համալրել են Սիրիայում և Իրաքում Իսլամական պետության ահաբեկիչների շարքերը․ այսպիսի տվյալներ է հրապարակել Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը։

Ինչպես նկատում է ադրբեջանական Meydan TV-ն, Ադրբեջանը աշխարհիկ երկիր է, որի քաղաքացիներն ունեն սահմանադրությամբ ամրագրված դավանանքի ազատություն։ Խորհրդային իշխանության օրոք՝ շուրջ յոթ տասնամյակ անընդմեջ պետության կողմից աթեիզմի անընդմեջ քարոզումից և 1991թ. անկախացումից հետո երկրում գլուխ է բարձրացրել կրոնականությունը։

«Վերջին տարիներին Ադրբեջանի 84 քաղաքացիներ են դատապարտվել [ահաբեկչական գործունեության համար]։ Վերջին մեկ տարվա ընթացքում 54 անձինք զրկվել են քաղաքացիությունից՝ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար», – տեղեկացրել է Գուլիևը:

Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես գործընկեր ահաբեկչության դեմ պայքարում՝ դեռ 2001թ․ միանալով հակաահաբեկչական կոալիցիային և խաղաղապահներ ուղարկելով  Աֆղանստան, որտեղ այժմ տեղակայված են շուրջ 100 ադրբեջանցի զինծառայողներ։

Երկրի ներսում Ադրբեջանը փորձում է խուսափել ծայրահեղականության աճից և խոստորեն պահպանել երկրի աշխարհիկությունը: Դեռ 1995թ. Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց Ադրբեջանի Իսլամական կուսակցության գրանցումը։ Տարիների ընթացքում կրոնական խմբերը՝ ինչպես սուննի, այնպես էլ շիա, թիրախավորվել են կառավարության կողմից:

Երբեմն, սակայն, հանգամանքները խիստ հակասական են: Ամենաթարմ օրինակը «Նարդարանի գործն» է, երբ Մուսուլմանական միասնություն շիական շարժման 16 անդամներ դատապարտվեցին մինչև 20 տարվա ազատազրկման։

Նրանք մեղավոր ճանաչվեցին մի շարք հոդվածներով, որոնց թվում՝ իշխանություններին տապալելու նպատակով դավադրության կազմակերպում և զենքի մաքսանենգ վաճառք։

Դատավարության արդար լինելը մեծապես հարցականի տակ է դրվել և՛ ներքին, և՛ միջազգային կազմակերպությունների կողմից։