Մա՛յր, դու քո որդուն սպանող հրեշի կողքին ես

Ապրիլյան քառօրյայում զոհվածների մայրերը հենց քառօրյայի ընթացքում բացահայտված օֆշորային սկանդալի խայտառակ հերոս Միհրան Պողոսյանի կողքին են։ «Միհրանը միշտ կանգնած է եղել իմ ընտանիքի կողքին»,- ասում է զոհվածներից մեկի՝ Բագրատ Ալեքսանյանի մայրը։ Իսկ Միհրանը թիկունքում կանգնած ինչ-որ շարժումներ է անում։ Ինքը արդեն սկանդալի հերոս չէ, ինքը հերոսի մայր ողորմացողն է։

Կարծում եմ, որ հասկանում եմ Բագրատ Ալեքսանյանի մորը՝ ինքը չի մխիթարվելու։ Բայց արդյո՞ք չմխիթարվելու գինը Միհրան Պողոսյանի կողքին կանգնելն է։ Թե՞ տարբերություն չկա՝ Միհրան Պողոսյան, Ռամիլ Սաֆարով, թե ինչ-որ Չիկատիլո։ Երբ որդիդ չկա, ո՞վ կարող է համոզիչ լինել Միհրանի հանցագործությունները պատմելիս։ Որդիս չկա և վերջ։ Նույնն է, թե շարունակես ապրել աշխարհի վերջից հետո։ Միջանկյալ ինձ հիշեցրեք խնդրում եմ՝ ի՞նչը կամ ու՞մ նկատի ուներ Նժդեհը, երբ արդեն հերոսացնում էր որդի ունեցող հայ մայրերին։

Միհրանն օգնել է, լավ է արել։ Բայց որդու կորուստն ինչո՞վ չափվող ողբերգություն է, որ Միհրանին բերել է առաջին պլան։ Դա ի՞նչ ողբերգություն է, ո՞ր։ Թե՞ ուզում եք ասել, որ որդիս չկա, բայց ես հո ապրում եմ։ Միհրանն էլ է այդպես մտածում՝ հիմա դու առավել ևս ես ապրում, քո ողբերգությունից կարելի է հրաշալի նախընտրական շոու ստանալ։ Իսկ որևէ մեկը հիշո՞ւմ է, որ քառօրյայից հետո պարզվեց, որ հայկական կողմը կռվելու զենք չի ունեցել։ Որովհետև զենքի փող չի եղել։ Իսկ Միհրանը հենց այդ նույն ժամանակ պանամական օֆշորում գուցե միլիարդներ էր լվանում՝ Սերժ Սարգսյանի, գուցե նաև Վիգեն Սարգսյանի միլիարդները։ Բագրատ Ալեքսանյանի մայրը կարող է օֆշորից գաղափար չունենալ, որդի կորցնելուց հետո կարելի է նույնիսկ կորցնել որդու ընկալումը, ամեն ինչ հնարավոր է։ Բայց դա նշանակում է, որ որդուդ զոհաբերության բովանդակությունն էլ մեռավ։ Դա նշանակում է, որ որդուց մինչև հերոս (ինչպես ազգովի անվանում են նրան) ճանապարհը ականապատվեց Միհրանով։

Մենք ասում ենք՝ ճիշտ ես դու, մա՛յր, բայց դա մի՛ մտցրու մեր աչքը։ Երբ հրապարակավ կանգնում ես նրա կողքին, դու ասում ես, որ օֆշորը կարող է շարունակվել, իսկ զոհերի մայրերը ինչ-որ մեկի փեշից բռնելու հասցե ունեն։ Դու օրհնում ես օֆշորը, մա՛յր։ Սա քո ուղերձն է ապրողին

Ախր դու կաս դեռ, կի՛ն, և կան այն մայրերը, որոնք (ներող եղեք) դեռ լսելու են իրենց որդիների մահվան բոթը արցախյան ճակատում։ Դո՛ւ, մա՛յր իմ, նոր ընտրակաշառք ես առաջարկում նրանց, ավելին, դու ուզում ես ասել, որ ապրիլին մեռնելն ավելի շահեկան է, քան դրանից առաջ կամ հետո մեռնելը։ Դու զոհվածների ապագա մայրերին հուսահատությունը հաղթահարելու նոր «լուսաբաց» ես առաջարկում։ Դու ասում ես՝ ես Միհրանի կողքին եմ։ Մենք ասում ենք՝ դու հրեշի կողքին ես, դու քո որդուն սպանողի կողքին ես։ Մենք ասում ենք՝ ճիշտ ես դու, մայր, բայց դա մի մտցրու մեր աչքը։ Երբ հրապարակավ կանգնում ես նրա կողքին, դու ասում ես, որ օֆշորը կարող է շարունակվել, իսկ զոհերի մայրերը ինչ-որ մեկի փեշից բռնելու հասցե ունեն։ Դու օրհնում ես օֆշորը, մայր։ Սա քո ուղերձն է ապրողին, սա քո «Չապլինի նամակն է իր դստերը», երբ ուրիշի ապրելու ուղին ես հարթում։ Այսինքն, հիմա բոլորը գիտեն՝ եթե քառօրյային որդի կորցրած մայրն է Միհրան Պողոսյանի նմանի կողքին, մենք, ուրեմն, օֆշորի հերոսի կոշիկների փոշին մաքրելուն պետք է հավակնենք։

Միհրանն ինքը ապրիլյան ողբերգությունների ժամանակ առաջին պլան գալու «հերոս» է, դա չի քննարկվում, բայց դու՝ որդեկորույսդ, որ համարյա նայել ես մարդասպանի աչքերի մեջ, որ համարյա գիտես որտեղից է եկել որդուն սպանող գնդակը, որ հաստատ գիտես, որ ոչ մի մարդ կղզի չէ, որ այստեղ՝ Հայաստանում այդպիսի մահերի վրա ձեռքեր են տաքացնում տասնյակ Միհրաններ ու Վիգեններ, դո՛ւ, որ սիրել ես, կին, ուզում ես ասել, որ Միհրանի թողությու՞նն ես։ Որ հանձին քեզ նա կարող է քառօրյայի ժամանակ մեր անզենության ու այդ պատճառով սպանված տղաների մահվան մեղքերի տակից դո՞ւրս գալ։

Մի՛ արեք նման բաներ։ Դուք փակում եք ձեր որդու հիշատակը։ Դուք Հայաստանի և մոր նոր էջ եք բացում, որտեղ ոչ Հայաստանը կա, ոչ մայրը։ Մի՛ արեք։ Միհրանին թողե՛ք իր միլիարդները։ Նա դրանցով չի բավարարվելու, նա ձեր ողբերգության մուրացկանն է, որի հանդեպ, դո՛ւք՝ Բագրատ Ալեքսանյանի մա՛յրդ, անթիվ Քրիստոսների շռայլությամբ եք փայլել։ Մի՛ արեք այդպես, մա՛յր։