Հարավային Կորեայի՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող նախագահը պաշտոնանկ արվեց

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Պակ Կըն Հեի իմփիչմենթը, որը հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Այսպիսով, նա դառնում է Հարավային Կորեայի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահը, որը հեռացվում է այդ պաշտոնից։ Երկրի ֆինանսական կարգավորիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնանկությունը չի ազդի շուկաների կայունության վրա։

Իմփիչմենթի օգտին, BBC-ի փոխանցմամբ, քվեարկել է ութ դատավոր։ Սահմանադրական դատարանը մեղավոր է ճանաչել նախագահին նրանում, որ թույլ է տվել իր մտերիմ ընկերուհի և խորհրդական Չհվե Սուն Սիլին ազդեցություն ունենալ պետական քաղաքականության վրա և կոծկել է նրա կոռուպցիոն գործունեությունը։

Դատարանի այդ որոշումը նշանակում է, որ Պակ Կըն Հեն անմիջապես կհեռացվի իշխանությունից։ Նա կարող է նաև ենթարկվել քրեական պատասխանատվության կոռուպցիայի մեղադրանքով։ Առաջիկա 60 օրերին Հարավային Կորեայում կանցկացվեն նախագահական ընտրություններ։

Անցյալ դեկտեմբերին Հարավային Կորեայի նախագահի իմփիչմենթի օգտին քվեարկել էր երկրի խորհրդարանը, սակայն նա շարունակում էր պաշտոնավարել։

Այս շաբաթ հարավկորեական քննիչները հայտարարել էին, որ Պակ Կըն Հեն իր ընկերուհու հետ միասին կաշառքներ է ստացել Samsung ընկերության փոխնախագահ Լի Չժե Յոնին գործնական հարցերում օժանդակելու համար։

Ավելի վաղ երկրի դատախազությունը նախագահի խորհրդական Չհվե Սուն Սիլին մեղադրել էր նրանում, որ խոշոր բիզնեսին ապօրինաբար ստիպում էր բազմամիլիոնանոց նվիրատվություններ ուղղել նրա հետ կապված երկու ոչ կառավարական հիմնադրամեր։

Հարավային Կորեայի նախագահի և նրա խորհրդականի շուրջ սկանդալը հրահրվել էր այն բանից հետո, երբ մալուխային ալիքներից մեկի լրագրողները հյուրանոցի աղբամանում հայտնաբերել էին գաղտնի փաստաթղթերով, այդ թվում՝ նախագահի ելույթներով պլանշետ։ Ավելի ուշ նա խոստովանել էր, որ պաշտոնավարման առաջին տարիներին խորհրդակցում էր իր ընկերուհու հետ ելույթներին նախապատրաստվելիս և խախտելով սահմանադրությունը՝ նրան մատչում էր տվել գաղտնի փաստաթղթերին։ Պակ Կըն Հեն ներողություն էր խնդրել համաքաղաքացիներից։ Դրան հետևել էր երկրով մեկ զանգվածային բողոքի ալիք, որի մասնակիցները պահանջում էին նախագահի հրաժարականը։ Ցուցարարները պնդում էին, որ Պակ Կըն Հեն չունի երկրի կառավարման համար անհրաժեշտ անգամ հիմնարար որակներ։