ՀՀԿ-ի հին դեմքը՝ երկրորդ տասնյակում

Իշխող ՀՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ տասնյակը (առաջին տասնյակի մասին կարդալ այստեղ) սկսվում է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանով։

Պարոն Սահակյանը ներկայացնում է հին հանրապետականներին։ Նա 1995-ից եղել է Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամավոր, անդավաճան ՀՀԿ-ական է։

Նրան հետևում է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նույնպես 1995-ից ի վեր խորհրդարանի պատգամավոր է։ Տիկին Նաղդալյանը առաջին ՀՀԿ-ականն էր և պաշտոնյան, ով հրապարակավ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո խոսեց Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու անհրաժեշտության մասին, ասելով, որ «մենք այդ հողերը չենք ուզում»։ Նա նշել էր. «Մեր փոխզիջումը ոչ թե հինգ գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում»:

Ցուցակի 13-րդ և 14-րդ տեղերում են երկու հին հանրապետականներ՝ Գագիկ Մինասյանն ու Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։

Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, ով մինչև ՀՀԿ-ին անդամակցելը մի քանի կուսակցության է անդամակցել, այդ թվում՝ ՀԺԿ-ին ու «Ժառանգությանը», ցուցակի 15-րդ տեղում է։

Թովմասյանին հաջորդում է ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանը։

Էջմիածինցի գեներալ, անկուսակցական Մանվել Գրիգորյանը 17-րդն է։ Սերժ Սարգսյանի հավատարիմներից է, թեև 2008-ին քիչ էր մնացել, որ գեներալը միանա Լևոն Տեր-Պետրոսյանին։ 2008թ․ Վիկիլիքսի հեռագրերից մեկում Սերժ Սարգսյանը «իր ափսոսանքն ու ցավը հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի իր զինակիցը ներքաշվել է քաղաքականության մեջ»: Գեներալ Մանվել Գրիգորյանը «…ինչ-որ պատճառներով որոշեց ներքաշվել քաղաքականության մեջ և չենթարկվել իր գերագույն հրամանատարին»:

18-րդ տեղում Սերժ Սարգսյանի կողմից «դատարկ դհոլ» անվանումն ստացած Արտաշես Գեղամյանն է, ով 1995-ից խորհրդարանում է։ Մինչ այդ պարոն Գեղամյանը եղել է նվիրյալ կոմունիստ, կարճ ժամանակ դարձել Երևանի քաղաքապետ, ապա հիմնել «Ազգային միաբանություն» կուսակցությունը։ 2003թ․ Գեղամյանը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրապարակավ անվանեց ընտրակեղծարարության օլիմպիական չեմպիոններ։ Այսօր այդ ամենը անցյալ է, իսկ Սերժ Սարգսյանը Արտաշես Գեղամյանի գրքերի շնորհանդեսների պարտադիր մասնակիցն է։ Ի դեպ, պարոն Գեղամյանը Արցախյան շարժման օրերին անհաշտ պայքար է մղել «Ղարաբաղ» կոմիտեի և ժողովրդական շարժման դեմ։

«Ղարաբաղ» կոմիտեի և ժողովրդական շարժման դեմ մեկ այլ անհաշտ նախկին կոմունիստ Խոսրով Հարությունյանը ՀՀԿ-ի ցուցակում հաջորդում է Գեղամյանին։ Հարությունյանը կես տարի՝ 1992-ի օգոստոսից մինչև 1993-ի փետրվար եղել է վարչապետ, որի կառավարությունը գրանցել է Հայաստանի պատմության ամենամեծ տնտեսական անկումը՝ 42 տոկոս, ինչը, անշուշտ, պայմանավորված էր երեք հիմնական գործոններով՝ ԽՍՀՄ փլուզում, Հայաստանի շրջափակում և Ղարաբաղյան պատերազմ։ «Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության» առաջնորդ Հարությունյանը եղել է ԱԺ նախագահ, երբ 1998-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հրաժարական էր տվել Բաբկեն Արարքցյանը։

ՀՀԿ ցուցակի երկրորդ տասնյակը եզրափակում է վարչապետ Կարեն Կարապետյանի երկար տարիների օգնական, ՀՀԿ-ի շարքերը համալրած Շուշան Սարդարյանը՝ Շուշոն։

Համամասնական ցուցակի երրորդ տասնյակը սկսվում է ՍԻՄ առաջնորդ, Սերժ Սարգսյանի նվիրյալներից Հայկ Բաբուխանյանով։ Ի դեպ, պարոն Բաբուխանյանը 1990-ական թթ․ խմբագրել է ՀՀԿ-ի «Հանրապետական» շաբաթաթերթը։

Երրորդ տասնյակում են նաև նախկին գլխավոր դատախազ, անկուսակցական Գևորգ Կոստանյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանն ու Գագիկ Մելիքյանը։