«Ապրիլն իմ ապագան է». Depop ինստիտուտի սոցիալական արշավը

Depop կառավարման ինստիտուտը (Depop Institute for Governance) ապրիլյան ընտրություններին ընդառաջ նախաձեռնել է սոցիալական արշավ՝ նպատակ ունենալով  բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցությունը։

Սոցիալական արշավի շրջանակում Depop-ը հանրության դատին է ներկայացրել մեկ րոպեանոց սոցիալական չորս տեսահոլովակ, որոնց հիմնական թիրախը քաղաքացին է ու քաղաքացու դիրքորոշումը: Տեսահոլովակներից մեկում, օրինակ, բարձրաձայնվում է քվեն վաճառելու արատավոր պրակտիկայի մասին: Հայաստանի շոու բիզնեսի հայտնի ներկայացուցչիները խոսում են, թե հինգ հազար դրամով ինչ կարելի է գնել: Տեսահոլովակն ավարտվում է ապագան չվաճառելու կոչով:

Հաջորդ տեսահոլովակում խոսվում է ընտրությանը մասնակցելու անհրաժեշտության մասին՝ շեշտադրելով յուրաքանչյուր ձայնի կարևորությունը՝ ժողովրդավարության ու բարեկեցիկ երկիր կառուցելու գործում: Տեսահոլովակոմ խոսվում է նաև ընտրություններին մասնակցելու՝ որպես պատասխանատվություն ստանձնելու ձևի և կարևորության մասին:

Հոլովակներից հաջորդը հայ հնարության մի ստվար զանգվածի անտարբերության, քաղաքականությունից հիասթափված լինելու և դրանից բխող հետևանքների մասին է:

Եվ, վերջապես, չորրորդ տեսահոլավակով Depop կառավարման ինստիտուտը խոսում է արտագաղթի և Հայաստանում ժողովրդագրական  ճգնաժամի մասին: Տեսահոլովակը վերնագրված է «Ապրիլն իմ ապագան է»:

***

Depop կառավարման ինստիտուտ հասարակական կազմակերպությունը 2013-ին հանդես էր եկել «Հայաստանի ապաբնակեցման ճգնաժամը» զեկույցով՝ անդրադառնալով Հայաստանում ահագնացող արտագաղթի պատճառներին:  Զեկույզում, որպես արտագաղթի խորքային պատճառ, դիտարկվում էին օրենքի գերակայության, պետության թափանցիկ կառավարման , ժողովրդավարական ինստիտուտների բացակայության և պարբերական ընտրակեղծիքների խնդիրները։

Հենց այս հանգամանքներից ելնելով էլ Վահան Քոլոլյանը և Կամո Մաիլյանը՝ Կանադայից, Ռոբերտ Այդաբիրյանը՝ Ֆրանսիայից, Սարգիս Շահինյանը՝ Շվեյցարիայից  2017թ․ հունվարին Հայաստանում հիմնել են Depop կառավարման ինստիտուտը՝ նպատակ ունենալով ազդել ոչ միայն ապրիլին կայանալիք ընտրություններում քաղաքացիների գիտակցության վրա, այլև քաղաքացիական գործունեության ու քաղաքական համագործակցության արդյունքում նպաստել Հայաստանում առկա ցոցիալ-տնտեսական, դատաիրավական ու քաղաքական մշակույթի փոփոխմանը՝ փորձելով կասեցնել կամ գոնե նվազեցնել արտագաղթի տեմպը Հայաստանից:

Depop կառավարման ինստիտուտի գործադիր տնօրեն  Սարգիս Շահինյանը Սիվիլնեթի հետ զրույցում, խոսելով Հայաստանի ներքաղական կյանքում Սփյուռքի ներգրավածության անհրաժեշտության մասին, ասում է, որ Հայաստանում ներքին ճգնաժամն այնքան է ահագնացել, որ այլևս մտածելու, երկմտելու կամ հապաղելու ժամանակ չունենք  ո՛չ Հայաստաում և ո՛չ էլ Սփյուռքում: