Եվրոպական երկրները հրաժարվում են ընդունել թուրք պաշտոնյաներին

Դանիայի վարչապետ Լարս Լոքե Ռասմուսենը երեկ առաջարկել է հետաձգել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի նախապատրաստող այցը Դանիա՝ պայմանավորված Թուրքիայի և Նիդեռլանդների միջև այս օրերին լարված դիվանագիտական հարաբերություններով, հաղորդում է Reuters-ը։

«Այս հանդիպումը չի կարող առանձնացվել Թուրքիայի կողմից Նիդեռլանդների դեմ ներկայիս հարձակումների համատեքստից։ Հետևաբար ես առաջարկել եմ իմ թուրք գործընկերոջը հետաձգել իր այցը»,- հայտարարել է Ռասմուսենը։

Ավելի վաղ Նիդեռլանդների իշխանությունները չէին թույլատրել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի մուտքը երկիր։ Նա պատրաստվում էր շաբաթ օրը մասնակցել Ռոտերդամում թուրքական համայնքի հանրահավաքին և կոչ անել նրան սատարել ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք հանրաքվեում սահմանադրական փոփոխությունները։ Չավուշօղլուից հետո Նիդեռլանդներն արգելել է Թուրքիայի ընտանեկան և սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթիմե Բեթյուլ Սայամ Քայեի մուտքը։

Ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱԳ նախարար Չավուշօղլուն Նիդեռլանդների իշխանություններին անվանեցին «նացիստների մնացուկներ» և «ֆաշիստներ»։ Էրղողանը սպառնացել է, որ Նիդեռլանդները պատասխան կտան իր երկու նախարարների մուտքն արգելելու համար։ Անկարան ԱԳՆ է կանչել Նիդեռլանդների դեսպանին՝ պարզաբանումներ տալու։

Եվրոպական այդ երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն մինչդեռ Թուրքիայից հնչող հայտարարությունները որակեց «անհավասարակշռված»։

«Դա իհարկե բացարձակապես խենթ դիտարկում է»,- ասել է Ռյուտեն։

Ավելի վաղ Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի իշխանությունները նույնպես արգելել էին թուրք պաշտոնատար անձանց մուտքը իրենց տարածք։ Էրդողանը արևմտյան երկրներին մեղադրեց իսլամոֆոբիայի մեջ։

«Ես ասում էի, որ նացիզմի վերջը տված է, սակայն ես սխալվում էի․ նացիզմն ապրում է Արևմուտքում»,- ասել է Էրդողանը։

Ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով երկիրը խորհրդարանականից անցում կկատարի նախագահական կառավարման համակարգի։ Հավանության դեպքում այդ փոփոխությունները նախագահին կընձեռեն նոր լիազորություններ՝ նրան թույլ տալով ձևավորել նախարարների կաբինետը, նախապատրաստել բյուջեն, ընտրել դատավորների մեծ մասին և օրենքներ սահմանել հրամանների միջոցով։ Նախագահը նաև հնարավորություն կունենա արտակարգ դրություն հայտարարել և լուծարել մեջլիսը։

Մեկնաբանել