Դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել

Դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել, այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Որոշումն ուժի մեջ է մտել 15 օր առաջ, սակայն Վարդան Պետրոսյանը նպատակահարմար չէր գտնում աղմուկ բարձրացնել, սակայն լրատվամիջոցներով այնուամենայնիվ լուրը տարածվել է: Ի սկզբանե Վարդան Պետրոսյանը դիմում էր ներկայացրել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալՙ: Միջնորդությունը բավարարվել էր և հիմնարկի վարչակազմը իր հերթին դիմել էր անկախ հանձնաժողովին, որը ևս բավարարել էր կալանավայրի միջնորդությունը, այնուհետև դատարանը որոշում էր կայացրել ազատ արձակել Պետրոսյանին»,- ասաց փաստաբանը:

ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան Բաղդասարյանն ասաց, որ Պետրոսյանն այս պահին գտնվում է Հայաստանում, սակայն առաջիկա օրերին կմեկնի Ֆրանսիա, որտեղ գտնվում է իր ընտանիքը:

Դերասան Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ նույն տարվա հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

2015թ. հունվարի 29-ին Վարդան Պետրոսյանը դատապարտեց 5 տարվա ազատազրկման և երկու տարով զրկվեց տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, իսկ տուժող կողմի քաղաքացիական հայցը, որով նրանք դերասանից պահանջում էին ավելի քան 12 մլն դրամի փոխհատուցում, թողնվեց առանց քննության։

Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով դատախազ Արթուր Սարգսյանը պահանջում էր պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` հունվարի 29-ին կայացրած դատավճիռը, և Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ: Իսկ տուժող կողմը պահանջում էր Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով, նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:

Մեկնաբանել