Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը կասեցրել է Ադրբեջանի անդամակցությունը

 

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն կազմակերպությունը (The Extractive Industries Transparency Initiative, EITI) կասեցրել է Ադրբեջանի անդամակցությունը, հաղորդում է Reuters-ը։

EITI-ն քննադատել է Ադրբեջանում քաղաքացիական ազատությունների սահմանափակումը։ Ադրբեջանն այդ որոշումը «անարդար» է համարելով՝ դուրս է եկել կոալիցիայից:

«Ադրբեջանի անդամակցությունը  կասեցնելու շուրջ խորհրդի որոշումը մենք համարում ենք անարդար։ Խորին ցավով եմ հաղորդում Ադրբեջանի՝ EITI-ն լքելու որոշման մասին»,- ասել է Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի գործադիր տնօրեն Շահմար Մովսումովը։

2015 թվականի ապրիլին Ադրբեջանի կարգավիճակը այս կառույցում իջեցվել էր թեկնածու երկրի կարգավիճակի։ Անցյալ տարի հոկտեմբերին EITI-ի խորհուրդը նշել էր, որ առաջընթաց արձանագրվել է, և Ադրբեջանը կպահի թեկնածու երկրի իր կարգավիճակը, սակայն կոչ էր արել բարելավել թափանցիկությունը, ինչը միջազգային կարևոր ուղենիշ է երկիրը օտարերկրյա ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու համար:

Ադրբեջանի ներկայությունը EITI-ում կարևոր էր միջազգային ներդրողների և բանկերի համար, որոնք հետաքրքրված են երկրի նավթային և գազային ոլորտով: