Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ կքննարկի ղարաբաղյան հարցը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Սերժ Սարգսյանի առաջիկա մոսկովյան այցի մասին ավելի վաղ գրել էր Իզվեստիա թերթը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զուգահեռաբար այցելում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ երկիր՝ Ֆրանսիա, որտեղ ժամանել է երեկ։ Վաղը նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։

Մեկնաբանել