ՕՐՕ դաշինքի համակիրներն ազատ են արձակվել

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը հայտարարել էր, որ հերթական քարոզարշավի ժամանակ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում սպառնալիքներ է հնչեցվել դաշինքի համակիրների նկատմամբ, անգամ ատրճանակ է ուղղվել նրանցից մեկի ուղղությամբ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ գյուղապետ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, ով, ըստ դաշինքի հաղորդագրության, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ Երանոսյանի ծննդավայրն է, սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի նկատմամբ:

Ըստ հաղորդագրության՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից և վնասազերծել օրինախախտին:

«Ուշագրավն այն է, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին»,-ասված էր հաղորդագրությունում:

ՍիվիլՆեթի հետ զրույցում ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանն ասաց, որ այս պահին ազատ են արձակվել դաշինքի վեց համակիրները, գործ չի հարուցվել, սակայն նյութեր են նախապատրաստվում:

«Խոստացել են անաչառ քննություն»,- ասաց Մանուկյանը: